Երեւան/Մեդիամաքս/. «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ն Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի կողմից տրամադրած փոխառու միջոցների հաշվին վարկավորել է Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի 17 գյուղացիական կոոպերատիվների անդամ 404 գյուղացիական տնտեսություններ: 2011թ. աշնանը Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի եւ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի միջեւ կնքվեց 140 մլն դրամի փոխառության պայմանագիր, որով պետք է վարկավորվեին գյուղացիական կոոպերատիվների անդամ տնտեսությունները: Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի գործադիր տնօրեն Սեւակ Մանուկյանը հայտնել է, որ փոխառությունները ստացվել են 2 մասով՝ 2011թ. սեպտեմբերին եւ 2012թ. հունվարին, յուրաքանչյուրը 70-ական մլն դրամ: Ծրագրի իրականացմանը իր կարեւոր մասնակցությունն է ունեցել նաեւ Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանը, որը դրամաշնորհ է տրամադրել ծախսերի եւ, համապատասխանաբար, վարկերի տոկոսադրույքների նվազեցման նպատակով:Ծրագրով նախատեսված միջոցների տեղաբաշխումն ամբողջությամբ ավարտվել է: Վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմել է 11%, մարման ժամկետը՝ 1 տարի: Ծրագրի իրականացման ընթացքում տեղի է ունեցել վարկերի գումարի տրամադրման առավելագույն շեմի բարձրացում՝ սկզբնական 250 հազ.-ից մինչեւ 500 հազ. դրամ: Սեւակ Մանուկյանի փոխանցմամբ, դա պայմանավորված էր ի հայտ եկած պահանջներով եւ իրականացվեց ծրագրի հնարավորությունը նորից գնահատելուց հետո:Տրամադրված միկրովարկերի գումարները տատանվում էին հիմնականում 250 հազ.-ից մինչեւ 500 հազ. դրամի սահմաններում, միջոցներն ուղղվել են գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների իրականացմանը: Արդեն կան որոշակի տնտեսություններ, որոնք սկսել են սպասարկել իրենց վերցրած վարկերը:«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի ղեկավարի փոխանցմամբ, տրամադրված վարկերի տոկոսավճարներից 2 տոկոսային կետը Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի եւ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ի համատեղ որոշմամբ 2012թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուղղվելու է վարկավորվող համայնքներում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը: Սեւակ Մանուկյանի գնահատմամբ, Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում գյուղացիական կոոպերացիան մեծ դերակատարում ունի, եւ «այս ծրագիրը գյուղացիական կոոպերացիայի խրախուսմանն ուղղված յուրահատուկ նախաձեռնություն է»: Tweet Դիտում՝ 35456