Երեւան/Մեդիամաքս/. Օգոստոսի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ԱՊՊԱ վկայագրերը ապահովադիրներին տրամադրվելու են բացառապես տպագիր ձեւով, հայտնել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում:«Նշված փոփոխությունը միտված է օժանդակելու ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացի արդյունավետության, ապահովադիրների սպասարկման որակի եւ ԱՊՊԱ համակարգի սպառողների բավարարվածության բարձրացմանը: Նոր համակարգը թույլ կտա հնարավորինս բացառել պայմանագրում նշվող տեղեկությունների մուտքագրման ընթացքում հնարավոր անճշտությունները, ինչը կարեւոր է պայմանագրի գործողության ընթացքում հետագա հնարավոր հատուցումների անխոչընդոտ իրականացման համար: Վկայագրի տպագիր ձեւի շնորհիվ սպառողը հնարավորություն կունենա հեշտությամբ ծանոթանալ ԱՊՊԱ պայմանագրի հիմնական պայմաններին՝ այն ստորագրելուց առաջ», - նշել են բյուրոյում: Բյուրոյում տեղեկացրել են, որ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգը սերտորեն կապված է ՀՀ ճանապարհային ոստիկանության տեղեկատվական-փնտրողական միասնական համակարգին, հետեւաբար այս համակարգերի առցանց համագործակցությունը հնարավորինս կբացառի նաեւ ԱՊՊԱ ոլորտում հնարավոր կեղծիքների իրականացումը:«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ավտոսեփականատերերին առավել հետեւողական լինել իրենց շահերի պաշտպանությանը եւ ԱՊՊԱ կտրոնի հետ միասին պարտադիր պահանջել տպագիր եղանակով կազմված ԱՊՊԱ վկայագիրը, ծանոթանալ դրա բովանդակությանը եւ հավաստիանալ, որ այն պատշաճ ստորագրված (կնքված) է ապահովագրական ընկերության անունից: Առանց օրենքի պահանջներին բավարարող ԱՊՊԱ վկայագիր ունենալու ԱՊՊԱ կտրոնը տրանսպորտային միջոցին փակցնելը չի հանգեցնում ապահովագրման պարտադիր պահանջի կատարման եւ կարող է բերել օրենքով սահմանված պատասխանատվության», - հայտնել են բյուրոյում: Tweet Դիտում՝ 2435