Երեւան: Մեդիամաքս: Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը այսօր կարծիք է հայտնել, որ վերջին ամիսներին դիտարկվող ՀՀ դրամի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումը ինչպես Հայաստանում, այնպես էլ գլոբալ շուկաներում դոլարի թանկացման սպասումների արդյունք է:Նա մատնանշել է այն փաստը, որ դրամի արժեզրկման համար մակրոտնտեսական նախադրյալները գրեթե բացակայում են՝ հաշվի առնելով Հայաստանի վճարային հաշվեկշռում մեծ փոփոխությունների բացակայությունը, դոլարային տրանսֆերտների շարունակվող աճը, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման արդյունքում ներքին շուկայում դոլարի լրացուցիչ առաջարկը:«Ինչպես գիտեք, դոլարի նկատմամբ վերջերս արժեզրկվել է նաեւ եվրոն, ՌԴ ռուբլին եւ այլ արժույթներ: Մարդիկ պարզապես հրաժարվում են դոլար վաճառել՝ սպասելով իր հետագա թանկացմանը», - ասել է Աշոտ Օսիպյանը:Այս տարվա մայիսի կեսերից մինչեւ հուլիսի սկիզբ դոլարն արժեւորվել է ՀՀ դրամի նկատմամբ շուրջ 6,5%-ով՝ 393-ից հուլիսի 4-ին հասնելով 418,66 դրամի դոլարի դիմաց, ինչից հետո դրամը սկսել է արժեւորվել՝ հուլիսի 18-ին հասնելով 411,66 դրամի $1-ի դիմաց: Tweet Դիտում՝ 4165