Երեւան: Մեդիամաքս: Արարատբանկը $7 մլն-ի վարկային միջոցներ է ներգրավել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ), որոնք կուղղվեն փոքր ու միջին բիզնեսի եւ գյուղատնտեսության վարկավորմանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՎԶԵԲ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վալերիու Ռազլոգը նշել է, որ նման վարկավորումը ՎԶԵԲ-ի համար աննախադեպ է, քանի որ այն տրամադրվում է ՀՀ դրամով: Նա հավելել է, որ վարկային միջոցներից $1 մլն-ն ուղղվելու է գյուղատնտեսության ֆինանսավորմանը: Բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի խոսքերով, վարկային միջոցների շնորհիվ Արարատբանկը շինարարության, արտադրության, գյուղատնտեսության, առեւտրի եւ սպասարկման ոլորտների տնտեսվարողներին առավելագույնը 5 տարվա մարման ժամկետով եւ մինչեւ $300 հազ.-ին համարժեք ՀՀ դրամով վարկեր կտրամադրի՝ ազատելով վարկառուներին արտարժութային ռիսկերից:Նա նշել է նաեւ, որ վարկային միջոցներից բացի ՎԶԵԲ-ը վարկավորման տեխնիկական աջակցություն է ցուցաբերում բանկին, ինչը կբարձրացնի միջոցների տեղաբաշխման արդյունավետությունը:Վալերիու Ռազլոգը տեղեկացրել է, որ այս տարվա մայիսի վերջին ՎԶԵԲ-ը Հայաստանում իր գործունեության նոր ռազմավարություն է ընդունել եւ դրամով վարկային միջոցների տրամադրումն այս ռազմավարության բաղկացուցիչ մասն է: «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ արտարժութային ֆինանսավորման պարագայում երկրների տնտեսական խնդիրներն էլ ավելի են սրվում, եւ այսուհետ մենք ավելի ու ավելի ենք ձգտելու ֆինանսավորում իրականացնել երկրների ազգային արժույթներով», - ասել է Վալերիու Ռազլոգը:Ըստ նրա, ՎԶԵԲ-ը 2012-ի ընթացքում նախատեսում է ներդնել Հայաստանում €60-80 մլն եւ արդեն աշխատում է մի շարք հայկական բանկերի հետ՝ դրամային ֆինասնավորում տրամադրելու ուղղությամբ: Tweet Դիտում՝ 2291