Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է գերմանական KfW բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ, մասնավոր եւ ֆինանսական հատվածի զարգացման գծով ղեկավար Եվա Վիտտի գլխավորությամբ: Արթուր Ջավադյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ֆինանսական ոլորտում առկա բազմամյա համագործակցությունը թեւակոխում է զարգացման հերթական փուլ, ինչի վկայությունը գյուղատնտեսության ոլորտի օժանդակության նոր ծրագրի մեկնարկն է: Մասնավորապես, Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) եւ Հայաստանի կառավարության համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտի աջակցության» վարկային ծրագրի շրջանակում KfW բանկի եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ 2012թ. հունիսի 11-ին կնքվել են 15 մլն եվրոյի վարկային եւ 250 հազար եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր: Նույն ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունը Կենտրոնական բանկին հատկացնելու է եւս $5.5 մլն՝ նախկինում ավարտված «Վարկային երաշխիքների հիմնադրամ» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությանը տրամադրված գրանտային միջոցների հաշվին:Վարկային ծրագիրը, որը գործելու է Հայաստանում ամբողջ տարածքում, մեծացնելու է ՀՀ առեւտրային բանկերում առկա, գյուղացիական տնտեսություններին միկրո, փոքր եւ միջին վարկերի տրամադրման կարողությունները, ինչպես նաեւ բարձրացնելու է բանկերի կողմից ոլորտի վարկավորման գրավչությունը` աջակցելով ՀՀ գյուղատնտեսության զարգացմանը: Ծրագրի խորհրդատուն է գերմանական Frankfurt School of Finance and Management ընկերությունը: Վարկը գերմանական KfW բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվում է արտոնյալ պայմաններով: Ծրագրին մասնակցելու համար մրցույթային կարգով որպես գործընկեր ֆինանսական կազմակերպություններ ընտրվել են «Արարատբանկ» ԲԲԸ-ն, «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, «Պրոկրեդիտ բանկ» ՓԲԸ-ն: Կողմերն անդրադարձել են նաեւ վերականգնվող էներգետիկայի վարկավորման նոր ծրագրին առնչվող հարցերին: Tweet Դիտում՝ 2409