Հայէկոնոմբանկը ամփոփել է 2011-ի արդյունքները
29.06.2012 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure


Երեւան/Մեդիամաքս/. Այսօր կայացել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը, որի ընթացքում ամփոփվել են 2011թ. արդյունքները:
Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Արմեն Նալջյանը 2011 թ-ը դրական է գնահատել բանկի համար: «Ցուցանիշները վկայում են կայուն զարգացման մասին»,- ասել է նա:
Հաշվետու տարվա ընթացքում առանձնացվել են հետեւյալ իրադարձությունները.
- Հայաստանում առաջին անգամ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն իր գործառույթներով հնարավոր առավելագույն ժամկետով` եւս երեք տարով, երկարաձգել է իր մասնակցությունը բանկի կանոնադրական կապիտալին;
- Հայէկոնոմբանկի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքվել է արտաքին առեւտրի ֆինանսավորման վարկային գծի տրամադրման պայմանագիր, որի համաձայն բանկը միացել է գործընկեր բանկի Առեւտրի խթանման ծրագրին;
- $5 մլն-ի վարկային պայմանագիր է կնքվել Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հետ` ուղղված փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը;
- $6 մլն-ին համարժեք դրամի վարկային պայմանագիր է կնքվել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ` ուղղված միկրո, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը, ներառյալ սկսնակ բիզնեսի վարկավորման եւ գյուղատնտեսական փոքր վարկերի տրամադրման տեխնիկական աջակցությունը:
«2011-ի մեր գործունեությունը դրական է, բանկը բոլոր ցուցանիշներով շարունակական աճ է ապահովել: Միայն ֆիզիկական անձանց ավանդների մասով ունենք 53-55% աճ, ինչը վկայում է բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին: Առաջատար ենք քարտային շուկայում` ունենք 140 600 թողարկված քարտ: Կարելի է ասել, որ 2011-ը մեր բանկի համար աճի տարի է եղել»,- ասել է Արմեն Նալջյանը:
Բանկի գործող ակտիվ հաճախորդների թիվն աճել է 28.3%-ով՝ գերազանցելով 106200-ը: Վարկային ներդրրումների աճը 2010-ի նկատմամբ կազմել է 11%:
Բանկի որդեգրած շահութաբաժինների վճարման քաղաքականության համաձայն, 2011թ. տարեկան արդյունքներով նախատեսվում է շահութաբաժինների վճարում` տարեկան 9% եկամտաբերությամբ:
Բանկի բաժնետերերի տարեկան ժողովին այսօր հաջորդել է նորընտիր խորհրդի նիստ, որտեղ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի նախագահ է վերընտրվել Սարիբեկ Սուքիասյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: