Ուսանողները ներկայացրել են կենսաթոշակային բարեփոխումների իրենց տեսլականը

29.06.2012 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «Բարեփոխում եւ գիտելիք» ծրագրի շրջանակներում այսօր Երեւանում տեղի է ունեցել ուսանողական ռեֆերատների մրցույթի արդյունքների ամփոփումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մի շարք բուհերի ուսանողներ պարգեւատրվել են կուտակային կենսաթոշակային համակարգի մասին ռեֆերատներ ներկայացնելու համար:

Առաջին մրցանակի արժանացած ուսանողները ստացել են Apple iPad, երկրորդ տեղին արժանացածները` նեթբուք, երրորդ մրցանակն E-book Reader էր:

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանն այս առթիվ այսօր ասել է, որ 2014թ. կուտակային  կենսաթոշակային համակարգի ներդրումը սկսվում է լայնածավալ տեղեկատվական արշավով:

Նրա խոսքով, տեղեկատվական արշավում ներգրավված են երիտասարդները, քանի որ բարեփոխումներն ուղղված են առաջին հերթին նրանց:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության Ժողովրդավարության եւ կառավարման գրասենյակի ղեկավար Սթիվեն Բրագերն ասել է, որ այսօրվա ուսանողներն առաջիններն են լինելու, ովքեր օգուտ կքաղեն համակարգից:

«Սա շատ կարեւոր բարեփոխում է, որն ուղղված է աղքատության կրճատմանը: ԱՄՆ ՄԶԳ-ն փորձում է օգնել Հայաստանի կառավարությանն ընդունել բարեփոխումների միջազգային լավագույն փորձը եւ ձեւավորել դրան համապատասխան լուծումներ»,-նշել է նա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ նշել է, որ կուտակային համակարգի ներդրմանը պետք է նախորդի հասարակության մտածողության փոփոխությունը:

«Ինչ-որ պահի պետք է իրականացվեր այս բարեփոխումը: Այսօր մենք ստանձնել ենք պատասխանատվություն այն ճիշտ ձեւով կազմակերպելու համար»,- հայտարարել է նախարարը:

«Բարեփոխում եւ գիտելիք» նախագծի շրջանակներում բուհերում ֆինանսական գիտելիքի ուսուցանման նպատակով այսօր համագործակցության հուշագրեր են ստորագրվել ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ ԿՀԻԿ Հիմնադրամի, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի եւ ԿՀԻԿ Հիմնադրամի միջեւ:

Դիտում՝ 2457
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW