Առողջության պարտադիր ապահովագրությունը դուրս կմղի պետպատվերը

28.06.2012 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտը կներդրվի առաջիկա 5 տարիների ընթացքում եւ աստիճանաբար դուրս կմղի առողջապահական ծառայությունների պետպատվերի համակարգը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը` նշելով, որ այս «հավակնոտ» ծրագիրը կօգնի բարելավել բնակչության առողջական մակարդակը, նվազեցնել մահացությունը եւ հաշմանդամությունը:

«Բնակչությունը բժշկական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության բարձրացման կարիք ունի: Անընդհատ ներդրվում է բժշկական նոր տեխնոլոգիաներ, որոնք բերում են ծառայությունների թանկացմանը: Այդ ծառայություններից օգտվելը դարձել է հարուստների մենաշնորհը», - ասել է նա:

Նրա խոսքերով, առողջության ապահովագրությունը շարունակական գործընթաց է եւ տեղի կունենա փուլ առ փուլ: «Ապահովագրությունը սկսվում է պետական սեկտորից, հետագայում ծրագրի մեջ կմտնի նաեւ մասնավոր ոլորտը: Ապահովագրական ընկերությունները նույնպես պետք է հասցնեն պատրաստվել գործընթացին»,-նշել է նա:

Մասնավոր հատվածում առողջության ապահովագրության գործընթացի կազմակերպման մասին Արա Բաբլոյանն ասել է, որ ապահովագրական վճարները կամ 100%-ով իրենց վրա կվերցնեն մասնավոր ընկերությունները, կամ, ընդունված պրակտիկայի համաձայն,  ծախսերի 70%-ը կփակեն ընկերությունները, 30%-ը`աշխատակիցները:

Անդրադառնալով այն մտահոգությանը, որ լրացուցիչ վճարներից  խուսափելու համար ընկերությունները չեն գրանցի իրենց աշխատակիցներին, նա ասել է, որ այս դեպքում աշխատակիցներն իրենք շահագրգիռ կլինեն պաշտպանել իրենց իրավունքները:

«Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» ԻԱՄ տնօրեն Անդրանիկ Օհանջանյանն էլ իր հերթին ասել է, որ առողջապահության ֆինանսավորման լավագույն միջոցն ապահովագրությունն է:

«Առողջությունն ապահովագրած 120 հազար պետական ծառայողներից 10 հազարն արդեն դիմել են ապահովագրական ընկերություններին բուժման ծախսերի փոխհատուցման նպատակով: 150 դեպքով` սրտի թանկ վիրահատությունների համար» ,- տեղեկացրել է Անդրանիկ Օհանջանյանը:

Դիտում՝ 2272
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW