Երեւան/Մեդիամաքս/. Հունիսի 19-ին «Այբ» բարձրագույն դպրոցի աշակերտներն այցելել են «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխամասային գրասենյակ եւ Ամիրյան մասնաճյուղ՝ անմիջականորեն ծանոթանալու Բանկի ընթացակարգերին եւ ամենօրյա աշխատանքին, ինչպես նաեւ բանկային գործի մասնագիտական նրբություններին:«Այբ» ավագ դպրոցի աշակերտների կողմից սա ուսումնական փոխայց էր Բիբլոս Բանկին: Ընտրվել էին տնտեսագիտական առարկաներից բարձր առաջադիմություն եւ հաջողություններ ունեցող տասնմեկ աշակերտներ: «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանի հետ զրույցից հետո աշակերտներն ուսումնական շրջայցը շարունակեցին Բանկի աշխատակազմի հետ: Ծրագրի ընթացքում աշակերտները ծանոթացան Բանկի սպասարկմանը եւ ծառայությունների փաթեթներին, մարդկային ռեսուրսների համակարգին եւ աշխատանքի ընդունվելու ընթացակագրերին, բանկի մասնաճյուղերի կառուցվածքին, բաժիններին եւ դրանց գործառույթներին:«Այբ» ավագ դպրոցի հատուկ ուսումնական ծրագրերի գծով փոխտնօրեն Վիգեն Շիրվանյանի հավաստմամբ, Բիբլոս Բանկի հետ համագործակցությունը ընդլայնվելու միտում ունի:«Բանկի նախագահի եւ ղեկավար աշխատակազմի հետ երեխաների հանդիպումն ու հենց առաջին ձեռքից տեղեկություն ստանալը նրանց համար շատ կարեւոր է մասնագիտության ընտրության հարցում: Ոմանք կցանկանան փոխել մասնագիտությունը, ոմանք էլ ավելի կտրամադրվեն եւ կհետաքրքրվեն»,- նշել է Վիգեն Շիրվանյանը:«Բիբլոս Բանկը Հայաստանում օժանդակում է կրթության զարգացմանը թե ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների տրամադրման, թե գիտելիքի փոխանցման միջոցով: Հուսով ենք, որ «Այբ» ավագ դպրոցի հետ իրագործված այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում առավել իրազեկված լինել եւ ճիշտ կողմնորոշվել», - նշել է Արարատ Ղուկասյանը: Tweet Դիտում՝ 8721