Երեւան/Մեդիամաքս/. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է քաղաքապետարան-մասնավոր կառույցներ համագործակցության շրջանակում հունիսի 1-20 Երեւանում անցկացված «Երազանքների պատ» ծրագրի աջակից Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ծրագրի առաջին փուլում հավանության արժանացած երազանքներից մեկի` եռաչափ նկարազարդման, իրականացման նպատակով Երեւան հրավիրված գերմանացի նկարիչ Նիկոլայ Արնդտը եւ «Բի Բի Մեդիա» գովազդային գործակալության տնօրեն Հայկ Սիմոնյանը: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք փոխշահավետ ծրագրերի քննարկման եւ դրանց իրականացման հարցում: Վստահ եմ, որ այս ծրագրի հաջող ընթացքը խթան կհանդիսանա մասնավոր այլ ընկերությունների համար եւս, ովքեր հանդես կգան հետաքրքիր առաջարկներով եւ, դրանցից լավագույններն իրագործելով, համատեղ կնպաստենք մայրաքաղաքում որակապես այլ, աչք շոյող միջավայրի ձեւավորմանը», - նշել է քաղաքապետը:Ամերիաբանկի գլխավոր տնօրենը նշել է, որ երազանքների մասին բոլոր գրառումներին ծանոթանալուց հետո, իրենք պատրաստ են կյանքի կոչել հետաքրքիր այլ երազանքներ եւս: Tweet Դիտում՝ 2510