Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է Made in Armenia հատուկ նախագիծը: Այս խորագրի ներքո ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնք Հայաստանում արտադրում են յուրահատուկ ապրանքներ կամ մատուցում են յուրահատուկ ծառայություններ:«Մեգերյան կարպետներ» ընկերությունը հիմնադրվել է 1917 թվականին Նյու Յորքում, ի սկզբանե զբաղվել է նոր եւ անտիկ գորգերի վերանորոգման ու մշակման աշխատանքներով, ձեռագործ գորգերի առք ու վաճառքով: ԽՍՀՄ տարիներին գորգագործությունը Հայաստանում ծաղկում էր ապրում, սակայն միության փլուզումից հետո գորգագործությունը հայտնվեց ծանր վիճակում: 2002-ին Մեգերյան ընտանիքի մուտքը Հայաստան նոր զարկ տվեց ձեռագործ գորգերի արտադրությանը: Ժամանակի ընթացքում հայաստանյան «Մեգեյրա կարպետներ» ԲԲԸ-ն ճանաչում ձեռք բերեց ոչ միայն Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում, այլեւ Եվրոպայում եւ Ասիայում: Ընկերությունն այսօր զբաղվում է անտիկ եւ ձեռագործ գորգերի արտադրությամբ եւ վաճառքով:«Նախկինում այստեղ եղել է «Հայգորգ» միավորումը` ձեռագործ գորգերի արտադրությամբ: Շուրջ 10 տարի է` Երեւանում գործում է «Մեգերյան կարպետներ»-ը», - Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է ընկերության մարկետինգի գծով տնօրեն Հայկ Այվազյանը:Երեւանից բացի մեկ մասնաճյուղ է գործում Հրազդանում, շուկայի ակտիվացման դեպքում կգործարկվեն նաեւ ՀՀ մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում գտնվող մասնաճյուղերը:«Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա, իսկ այստեղ մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ: Հիմանական վաճառքը կատարվում է Նյու-Յորքում ` գլխամասային գրասենյակում: Եթե սպառման տոկոսային հարաբերակցությունից խոսենք, ապա 85 տոկոսը վաճառվում է ԱՄՆ-ում, իսկ 15 տոկոսը` արտահանվում է Եվրոպա եւ Ռուսաստան»,- ասել է Հայկ Այվազյանը: «Մեգերյան կարպետներ»-ի երեւանյան մասնաճյուղին կից կա ցուցասրահ, որի մուտքն ազատ է, տեղում կատարվում է նաեւ վաճառք: Խոսելով գնային քաղաքականության մասին` մարկետինգի գծով տնօրենն ասել է. «Այն գինը, որը հիմա առաջարկում ենք, տեղական շուկայի համար բավական էժան է: Գները շատ տարբեր են` կախված գործի մեծությունից, նախշերից: Գորգերի գները 1քմ համար կազմում են 120.000-ից մինչեւ 200.000 դրամ, միջին արժեքը 1քմ համար` 160-185.000 դրամ է»,- ասել է նա:Գորգերի նախշերը բազմազան են, հին հայկական զարդանախշերից զատ օգտագործվում են նաեւ ժամանակակից նախշեր: Գորգի համար հումք է ծառայում տեղական բուրդը, որը մթերվում է գյուղացիներից, տեսակավորվում, լվացվում, ապա բրդից թել են ստանում, որին հաջորդում է ներկման գործընթացը:«Թելը գունավորվում է բնական ճանապարհով ստացված ներկանյութերով, օգտագործվում են բույսեր` տորոնի արմատ` կարմիր, անթառամ ծաղիկ` դեղին, ընկույզի կեղեւ`շագանակագույնից մինչեւ սեւ, նռան կեղեւ` սեւ եւ թութունի գույն եւ թթի թեփ` բաց մարմնագույն ստանալու համար»,- պատմել է Հայկ Այվազյանը:Գորգերի վրա կա ստորագրություն` հայկական եռագույնի վրա գրված է Մկրյան: Երեւանի մասնաճյուղում ներկայումս կան 25-30 աշխատողներ: «Կառավարության որոշման համաձայն, 2009-ից գորգագործներն ազատվել են ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից, ինչը բավականին մեծ օգնություն էր այդ ժամանակահատվածի համար: Մնացած խնդիրները միջազգային շուկայի հետ են կապված. այն ողողված է էժան, անորակ գորգերով»,- նշել է ընկերության մարկետինգի գծով տնօրենը:«Գորգերից յուրաքանչյուրը յուրօրինակ նմուշ է: Երեւանում ամռան ամիսներին ուշադրությունն ավելի մեծ է, դրական շարժ կա, ինչը պայմանավորված է զբոսաշրջիկներով», -ասել է նա:Սիրանուշ ԵղիազարյանԼուսանկարները` Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 9057