Երեւան: Մեդիամաքս: Գեոթիմ ՓԲԸ-ն ընդլայնում է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ՝ այս անգամ իրագործելով առողջության առաջնային պահպանման ծրագիր Սարավան, Գնդեւվազ եւ Գորայք համայնքներում: Օքսֆամ Հայաստանյան գրասենյակը, իր տեղական գործընկեր “Ապավեն համայնքներին” (STC) բարեգործական հասարակական կազմակերպությունը, վերոհիշյալ համայնքները եւ Գեոթիմը համատեղ ջանքերով կբարելավեն առողջապահական ծառայությունները գյուղերում ավելի քան 170 սոցիալապես խոցելի ընտանիքների համար:Ծրագիրը հենվելու է Օքսֆամ կազմակերպության կողմից ներդրված եւ «Ապավեն համայնքներին» կազմակերպության կողմից Հայաստանի ավելի քան 140 գյուղական համայնքներում իրականացվող «Համայնքահեն առողջության առաջնային պահպանման» կայուն մոդելի վրա, որտեղ ընտանիքները ներդնում են տարեկան բավականին համեստ գումար, որի դիմաց օգտվում են անվճար դեղորայքային սպասարկումից, համայնքի համար կազմակերպվող տարբեր բժիշկների այց ստուգումներից, բժշկական խորհրդատվությունից: Ծրագիրը կօգնի մոտ 70-80 շահառուների ախտորոշման եւ բուժման գործում: Հատուկ կոնսուլտացիաներ կկազմակերպվեն կանանց համար, որոնք երբեմն ստիպված են հասնել Երեւան՝ պատշաճ բուժսպասարկման կամ դեղորայքի համար:Գեոթիմ ընկերությունը պարտավորվել է երկարաժամկետ դրական ազդեցություն թողնել տարածաշրջանի վրա եւ բնակչության առաջնային առողջության բարելավումը այդ զարգացման կարեւորագույն մասն է: Մեկ այլ սոցիալական ծրագրի սահմաններում, ներկայումս Գեոթիմի աջակցությամբ բոլոր երեք համայքներում 140 երեխաներ ընդգրկված են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի հետ իրականացվող «Սպորտի եւ խաղաղության դպրոցներ» ծրագրում. երեխաները ոչ միայն մարզվում են, այլեւ սովորում աշխատել թիմերով, միասին լուծումներ գտնել բարդ իրավիճակներում, սովորում առողջ ապրելակերպի մասին: Իսկ ամռանը 70 երեխա կվայելեն Հանքավանի գեղատեսիլ սպորտային ճամբարի հանգիստը: Ներկայումս մշակվում են նոր ծրագրեր՝ գյուղատնտեսության, անասնապահության եւ ենթակառույցների բնագավառներում: Tweet Դիտում՝ 3842