Երեւան/Մեդիամաքս/. Հայկական բանկի կողմից VISA քարտերով ինտերնետ-վճարումների ընդունման հավաստագրի ձեռքբերումը լուծեց մեր երկրում էլեկտրոնային կոմերցիայի զարգացման կենտրոնական խնդիրներից մեկը, Մեդիամաքս-ին ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տնօրեն Կարեն Վարդանյանը:Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը առաջինը հայաստանյան բանկերից ձեռք է բերել VISA տեղական եւ միջազգային քարտերով է ինտերնետ-վճարումների ընդունման (internet paymenq acquiring) հավաստագիր:Ըստ Կարեն Վարդանյանի, ԻՏՁՄ գնահատականներով, եթե ներկայումս Հայաստանում ինտերնետ-առեւտրի ծավալները չեն գերազանցում տարեկան $10 մլն-ը, ապա այս եւ մի շարք այլ ենթակառուցվածքային խնդիրների լուծման արդյունքում 2 տարում այդ թիվը կհասնի շուրջ $80 մլն-ի, ինչից հետո աճի տեմպերը կկայունանան տարեկան միջինը 20%-ի սահմաններում:Կարեն Վարդանյանը տեղեկացրել է նաեւ, որ ներկայումս միությունը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ հայկական եւ արտասահմանյան ինտերնետ-խանութներում գնված եւ վաճառված ապրանքների առաքման սուրհանդակային ծառայությունների եւ մաքսային խնդիրների կարգավորման շուրջ:Առէկսիմբանկի քայլը ողջունել է նաեւ Իդրամ էլեկտրոնային վճարային համակարգի տնօրեն Գայանե Ստեփանյանը: «Մենք շատ երկար ենք սպասել դրան եւ շատ ենք ուրախացել՝ ստանալով այս լուրը: Արդեն զանգահարել ենք բանկ եւ պայմանավորվել հանդիպման մասին: Արտասահմանյան կառույցների փոխարեն մենք արդեն կաշխատենք տեղական բանկի հետ, ինչը զգալիորեն կհեշտացնի մեր աշխատանքը եւ, համոզված եմ, կկրճատի մեր տրանզակցիոն ծախսերը», - Մեդիամաքս-ին ասել է Իդրամի ղեկավարը: VISA քարտերով ինտերնետ-վճարումների ընդունման լիցենզիայի բացակայությունը հայաստանյան բանկերի մոտ ստիպում էր ինտերնետում ապրանքներ կամ ծառայություններ վաճառող հայկական ընկերություններին առեւտրային հաշիվներ բացել արտասահմանյան բանկերում, որոնց էլ փոխանցվում են ծառայությունների/ապրանքների դիմաց ստացվող վճարումները: Արդյունքում հավելյալ տրանզակցիոն ծախսերը կրճատում են հայկական ընկերությունների եկամուտները: Հարցը երկար ժամանակ մնում էր Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Tweet Դիտում՝ 3731