Երեւան: Մեդիամաքս: Այսօր մեկնարկել է ավանդական դարձած «ՀՖՖ-Կոկա-Կոլա 2012 գավաթ» մրցաշարը, որն անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Կոկա-Կոլա» ընկերության համատեղ ջանքերով: Մրցաշարի նպատակն է մասսայականացնել եւ զարգացնել ֆուտբոլը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաեւ ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ: Մրցաշարին կմասնակցեն Երեւանի, Հայաստանի մարզերի եւ Արցախի 613 hանրակրթական դպրոցները ներկայացնող թիմեր, որոնցում ընդգրկված են 2000-2001թթ. ծնված 4 760 տղաներ եւ աղջիկներ: Մրցաշարն անցկացվում է երկու փուլով` օլիմպիական մրցակարգով: Առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-ից մայիսի 14-ը, երկրորդը` մայիսի 17-ից հունիսի 3-ը: Հանդիպումները կանցկացվեն արհեստական խոտածածկով խաղադաշտերում, միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում, խաղահրապարակներում:Առաջին փուլի ավարտից հետո, Երեւանի 10 թիմեր, ՀՀ մարզերի եւ Արցախի երկուական թիմեր կկազմեն 32 զույգ եւ պայքարը կշարունակեն` 1/32 եզրափակչից սկսած:Երկրորդ փուլի մասնակից թիմերի խաղացողներին Կոկա-Կոլա ընկերության կողմից կտրամադրվի հատուկ մարզահագուստ եւ գնդակներ:1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված թիմերի ֆուտբոլիստները եւ մարզիչները կպարգեւատրվեն մեդալներով եւ հուշանվերներով: Առաջին տեղը գրաված թիմը կպարգեւատրվի նաեւ «ՀՖՖ-Կոկա-Կոլա» գավաթով:Կոկա-Կոլա/ՀՖՖ մրցաշարն արդեն մեծ մասսայականություն է վայելում եւ լայն ճանաչում ունի դպրոցականների շրջանում: ՀՖՖ-ն եւ «Կոկա-Կոլա» ընկերությունը բազմաթիվ անակնկալներ են նախապատրաստել եզրափակիչ խաղի ինչպես մասնակիցների, այնպես էլ երկրպագուների համար:«Կոկա-Կոլա համակարգը ամբողջ աշխարհում սերտորեն աջակցում է սպորտի զարգացմանը եւ առողջ ապրելակերպին` հատկապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Հայաստանում ֆուտբոլի դպրոցական գավաթներ կազմակերպելը մենք արդեն ավանդույթ ենք դարձրել: Վստահ ենք, որ երեխաների ֆիզիկական զարգացումը ֆուտբոլի միջոցով դեպի առողջ հասարակություն կայուն եւ երկարաժամկետ զարգացման նախապայմանն է: Հպարտ ենք շարունակել մեր աջակցությունը երեխաների ֆիզիկական զարգացմանը», - ասաց Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: Tweet Դիտում՝ 5046