Երեւան/Մեդիամաքս/. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը վերլուծել է 2012թ. I եռամսյակի ԱՊՊԱ-ի գծով տվյալները եւ պարզել է, որ չնայած կնքված պայմանագրերի թվի նվազմանը` կտրուկ աճել է գրանցվող ՃՏՊ-ների քանակը:ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ կոնտակտ կենտրոնի տվյալների համաձայն` 2012 թվականի առաջին եռամսյակում պատահարների քանակը կազմել է 4768 այն դեպքում, երբ 2011թ. նույն ժամանակահատվածում գրանցվել էր 2869 դեպք: Այսինքն` աճը կազմել է 66 տոկոս: Ընդ որում, հունվարին դեպքերի քանակն աճել է 54 տոկոսով ապահովագրվածների թվի կրճատման ֆոնի վրա, իսկ փետրվարին տեղի ունեցած ՃՏՊ-ների թվի աճը կազմել է 90 տոկոս: Գերազանցվել է մեկ օրվա ընթացքում ՃՏՊ-ների բացարձակ ռեկորդը, որը սահմանվել էր անցյալ տարի եւ կազմել 120 ՃՏՊ մեկ օրվա ընթացքում: Մարտի 16-ին տեղացած առատ ձյան ժամանակ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ Կոնտակտ կենտրոնում գրանցվել է 800 զանգ, որից 164-ը եղել է պատահարների վերաբերյալ: Հայտերի կարգավորման կենտրոնի տվյալների համաձայն տարվա սկզբից հատուցման ենթակա վնասների գումարը կազմել է մոտ 1 մլրդ 175 մլն ՀՀ դրամ: Առաջին եռամսյակում կարգավորված է 3775 գործ, որոնց գծով հատուցվել է 725 միլիոն դրամ, եւս 450 միլիոնը ենթակա է հատուցման: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը տարվա սկզբից գրանցել է ՃՏՊ-ների արդյունքում մարմնական վնասներ պատճառելու 128 դեպք, մեկ մարդ զոհվել է: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում տուժողների թիվը կազմել է 69:2011 թվականի տվյալների վերլուծության արդյունքում հաստատվել է, որ ՃՏՊ-ների բաշխումը մարզերով տեղի է ունենում գրանցված ավտոմեքենաների քանակին համամասնորեն: Հետեւաբար, վթարների առավելագույն թիվը գրանցվում է Երեւանում, ընդ որում ամենամեծ թիվը գրանցվում է ցերեկը՝ 13:00 մինչեւ 14:00 ժամանակահատվածում: Ընկերությունում գրանցվել է 2 դեպք, որոնց արդյունքում վնաս է պատճառվել 8 օբյեկտի, եւ 3 դեպք՝ 6-ի: Յուրովին ռեկորդ է սահմանել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում ապահովագրված մի վարորդ, որը ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում վթարի է ենթարկվել եւ դրանում մեղավոր է ճանաչվել 5 անգամ: ՃՏՊ-ի մասնակից կանանց թիվն աննշան է. նրանք կազմում են զանգահարողների ընդամենը 2,5 տոկոսը: Ընդ որում «ամենավթարային» անունն է Լուսինե, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են Աննաները: Tweet Դիտում՝ 3549