Կառավարության քայլերը խոչընդոտել են տնտեսական աճը, ասել է Օսկանյանը

06.04.2012 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին արտգործնախարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Վարդան Օսկանյանն ասել է, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը սխալ թիրախներ է նախանշել:

Այդ մասին նա գրում է «Իրավիճակի անատոմիան» հոդվածում:

«Անցած չորս տարում նշակետ է վերցվել սղաճի զսպումը եւ մեծացող բյուջեի կատարումը: Երկու դեպքում էլ իշխանությունները դիմել են այնպիսի միջոցների, որոնք միայն խոչընդոտել են տնտեսական աճը: Առաջինի դեպքում վարել են զսպողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականություն, պարբերաբար եւ հետեւողական բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ ազգային ռեզերվների հաշվին պայքարել դրամի արժեզրկման դեմ: Այս բոլորը տնտեսական աճի անտիդոտներ են: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա այն իրականացվել է ոչ այնքան ստվերի, որքան փոքր ու միջին բիզնեսի հաշվին, որը մեր տնտեսության ողնաշարն է եւ որի՝ հարկային պարտավորություններով ծանրաբեռնումը միմիայն խոչընդոտում է տնտեսական աճին», - ասել է Օսկանյանը:

ԲՀԿ անդամը նշել է, որ կառավարությունը իր գործունեության հիմնական թիրախ պետք է ընտրի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը եւ յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի շարունակական բարձրացումը: «Մյուս բոլոր տնտեսական խնդիրներին պետք է նայել միայն ու միայն վերը նշված թիրախների համատեքստում», - ասել է նա:

Դիտում՝ 4103

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW