Երեւան/Մեդիամաքս/. Անելիք Բանկը մշակել եւ ներդրել է վարկերի վարկանշավորման սեփական սքորինգային համակարգը, որը հնարավորություն կտա բանկին առավել արդյունավետ ու կարճ ժամանակահատվածում իրականացնել հնարավոր վարկառուների վարկունակության վերլուծություն: Սքորինգն իրենից ներկայացնում է վարկարժանության գնահատական, որը ստացվում է վիճակագրական եւ մոդելավորման տեխնիկաների կիրառման միջոցով` հիմնվելով Բանկի Վարկային ռիսկերի կառավարման քաղաքականության սահմանափակումների, վարկառուների վերաբերյալ հավաքագրված տեղեկությունների եւ բանկում գործող սովորույթների վրա: Համակարգը ստեղծել են Անելիք Բանկի մասնագետները: Աշխատանքների ընթացքում հաշվի են առնվել Բազելյան կոմիտեի պահանջները, միջազգային փորձը եւ բանկի վարկային ռիսկերի կառավարման քաղաքականությունը: Բանկում ներդված համակարգը հաշվի է առնում ինչպես քանակական, այնպես էլ որակական ու գրավային ցուցանիշներն իրենց համապատասխան կարեւորությամբ: «Հայաստանյան բանկերից առաջինը ներդնելով բիզնես վարկերի վարկանշավորման սքորինգային նման կարգի համակարգ` մենք վստահ ենք, որ այն ոչ միայն կարագացնի վարկավորման գործընթացը, այլեւ հնարավորություն կտա սահմանել յուրաքանչյուր վարկառուի գործունեությանը համապատասխան պայմաններ: Այս համակարգի մյուս դրական կողմերից մեկն այն է, որ այն, տարբեր ցուցանիշներ համադրելով իրար, նվազեցնում է վարկային մասնագետի սուբյեկտիվիզմը»,- նշել է բանկի Անելիք Բանկի ուսումնական կենտրոնի տնօրեն Մկրտիչ Թադեւոսյանը: Tweet Դիտում՝ 3358