Երեւան/Մեդիամաքս/. Binder Dijker Otte & Co (BDO) միջազգային աուդիտորական ընկերությունը մուտք է գործել Հայաստան՝ գնելով Ամերիա Աուդիտ ընկերության բաժնետոմսերի 100%-անոց փաթեթը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսուհետ Ամերիա Աուդիտը կաշխատի BDO Armenia բրենդի ներքո:BDO-ի միջազգային կապերի գծով տնօրեն Ալեքսանդր Վերենկովը նշել է, որ Հայաստանում խմբի գործունեության ծավալման նախաձեռնությունը BDO-ի ռուսաստանյան գրասենյակինն էր, որն այս նպատակով սկսել էր փնտրել հարմար հայաստանյան գործընկեր:«Մրցակցությունը Հայաստանի աուդիտի շուկայում մեծ է: Մենք ուրախ ենք, որ գտել ենք այստեղ նորարար գործընկերոջ եւ ակնկալում ենք ոչ միայն ներդնել Հայաստանում մեր տեխնոլոգիաները եւ զարգացնել բիզնեսը, այլեւ շատ բան սովորել»,- ասել է Ալեքսանդր Վերենկովը:Ամերիա Աուդիտ-ի տնօրեն Արթուր Անդրեասյանը, որն այսուհետ կգլխավորի BDO Armenia-ն, ասել է, որ 2011-ին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված էին աուդիտորական դաշտը խստացնելուն, ստիպեցին Ամերիա Աուդիտին մտածել միջազգային նորարարական մեթոդաբանության եւ գործիքների ներդրման ուղղությամբ:«Մեր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը էական փոփոխությունների չի ենթարկվելու՝ դա լինելու են աուդիտը եւ հարակից ծառայությունները: Սակայն միջազգային ճանաչվածություն ունեցող բրենդի ներքո եւ BDO-ի չափանիշներով եւ յուրահատուկ համակարգով աշխատելը կբերի մեր շուկայական մասնաբաժնի մեծացմանը»,- ասել է Արթուր Անդրեասյանը: ԴոսյեBDO-ն եւ Ամերիա Աուդիտը BDO-ն հիմնադրվել է 1963 թ-ին բրիտանական, նիդերլանդական, գերմանական, ամերիկյան եւ կանադական ընկերությունների կողմից: Այսօր այն 5-րդն է աշխարհում աուդիտորական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների ցանկում: Խումբն աշխատում է 135 երկրներում եւ ունի 48 800 աշխատակից: 2011-ին խմբի եկամուտը կազմել է $5.67 մլրդ:Ամերիա Աուդիտը հիմնադրվել է 1996 թ-ին եւ մտնում է Ամերիա ընկերությունների խմբի մեջ: Խմբի հիմնական բաժնետերն է Կիպրոսում գրանցված TDA Holdings Limited ընկերությունը, որը փոխկապակցված է ռուսաստանյան Տրոյկա Դիալոգ ներդրումային ընկերության հետ: Տրոյկա Դիալոգը 2011-ին իր հերթին ձեռք է բերվել Ռուսաստանի խոշորագույն բանկի՝ Սբերբանկի կողմից: Tweet Դիտում՝ 17092