Երեւան: Մեդիամաքս: Նախօրեին 100 մլն դրամով տուգանված «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը հայտարարել է «իր իրավունքները պաշտպանելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով»:«Ինչպես տարածվել է մամուլի միջոցներով` ՏՄՊՊՀ-ի մարտի 14-ի նիստում որոշում է ընդունվել գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությանը 100 միլիոն դրամով: Տեղեկացնում ենք, որ ՏՄՊՊՀ-ի այդ որոշումը մեզ պաշտոնապես դեռ չի ուղարկվել, եւ, հետեւաբար, պատշաճ պարզաբանումներ չենք կարող տալ այդ կապակցությամբ: Ի դեպ, այդ նիստում որոշումը կայացվել է առանց «Սիթի Պետրոլ Գրուպ»-ի ներկայացուցչի մասնակցության: Նշանակված տուգանքի այն հիմնավորումները, որոնց մենք ծանոթացել ենք ՏՄՊՊՀ-ի կայքէջից` մեզ համար ընդունելի չեն եւ տեղեկացնում ենք, որ ընկերությունն իր իրավունքները պաշտպանելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով», - հայտնել է ընկերությունը:«Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը բենզինի եւ դիզվառելիքի ներկրման ու իրացման ծավալներով զբաղեցնում է վերոհիշյալ շուկաների մոտ կեսը, մյուս կեսը միասին զբաղեցնում են 3 ընկերություններ` «Միկա Քորփորեյշն», «Ֆլեշ» եւ «Մաքս հուր»:«Պարզվել է, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում է այն գնով, որով արդեն իսկ վաճառում է իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում: Բացահայտվել են տասնյակ դեպքեր, երբ փոքր բենզալցակայանների տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել են CPS-ին, կամ ընկերության հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահավետ պայմաններով: Ըստ այդ պայմանագրերի, շահույթի 98%-ը տնօրինում է CPS-ը, իսկ մնացած 2%-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Փաստորեն, շահագործելով այլ տնտեսվարողի հիմնադրած բիզնեսը, շահույթը գրեթե ամբողջությամբ ստացել է CPS-ը: Օրինակ, միայն Վանաձոր քաղաքում ընկերությունն ունի 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք է բերել հենց այդ ճանապարհով»,- ասվում է երեկ ՏՄՊՊՀ-ի կողմից տարածված հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1909