Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իր այսօրվա նիստում որոշել է տուգանել բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող Սիթի Պետրոլ Գրուպ (CPS) ընկերությանը 100 մլն դրամով՝ գերիշխող դիրքը չարաշահելու համար:Ընկերությունը բենզինի եւ դիզվառելիքի ներկրման ու իրացման ծավալներով զբաղեցնում է վերոհիշյալ շուկաների մոտ կեսը, մյուս կեսը միասին զբաղեցնում են 3 ընկերություններ` Միկա Քորփորեյշն, Ֆլեշ եւ Մաքս հուր:CPS-ի հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքում բացահայտվել են ընկերության կողմից մրցակցային օրենսդրության խախտումներ: Հանձնաժողովը մասնավորապես պարզել է, որ ընկերության վարած գնային քաղաքականության արդյունքում անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում են, եւ դրանց սեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառում են CPS-ին: «Պարզվել է, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում է այն գնով, որով արդեն իսկ վաճառում է իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում: Բացահայտվել են տասնյակ դեպքեր, երբ փոքր բենզալցակայանների տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել են CPS-ին, կամ ընկերության հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահավետ պայմաններով: Ըստ այդ պայմանագրերի, շահույթի 98%-ը տնօրինում է CPS-ը, իսկ մնացած 2%-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Փաստորեն, շահագործելով այլ տնտեսվարողի հիմնադրած բիզնեսը, շահույթը գրեթե ամբողջությամբ ստացել է CPS-ը: Օրինակ, միայն Վանաձոր քաղաքում ընկերությունն ունի 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք է բերել հենց այդ ճանապարհով»,- ասվում է ՏՄՊՊՀ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 8595