Երեւան: Մեդիամաքս:Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է փոքր ու միջին բիզնեսին անվճար օգտվել 14 բանկային ծառայություններից, որոնց թվում են տեղական եւ միջազգային փոխանցումները, կանխիկացումը եւ պլաստիկ քարտերի սպասարկումը:Այս մասին այսօր Երեւանում կայացած ասուլիսում ասել է բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանը, նշելով, որ ԶՀԲ-ն այսուհետ հանդես է գալու նոր դիրքավորմամբ՝ շեշտադրելով իր քաղաքականությունում փոքր ու միջին բիզնեսի զարգացումը եւ տնտեսության իրական հատվածում ներդրումների խթանումը: «Իր նոր ռազմավարության շրջանակներում բանկն առաջարկում է բիզնես-վարկեր փոքր ու միջին ձեռնարկություններին՝ մինչեւ 7 տարի մարման ժամկետով եւ մինչեւ 21 ամիս արտոնյալ մարման ժամանակահատվածով»,- ասել է Կարեն Սարգսյանը:Ներկայացնելով 2011-ին արձանագրված ցուցանիշները՝ նա ասել է, որ բանկի ակտիվներն աճել են ավելի քան 60%-ով, գրեթե նույնքան աճել է նաեւ վարկային պորտֆելը՝ կազմելով 24 մլրդ դրամ, որի գերակշիռ մասն են կազմել փոքր ու միջին բիզնեսին տրամադրված վարկերը: Բանկի վարկային պորտֆելը 2012-ին նախատեսվում է մեծացնել մինչեւ 32 մլրդ դրամ: Բանկի ավանդային պորտֆելը 2011-ին աճել է շուրջ 2 անգամ՝ հասնելով 22 մլրդ դրամի, իսկ ավանդատուների քանակն աճել է 2.3 անգամ: Բանկի հաճախորդների թիվը 2011-ին աճել է 56%-ով եւ կազմել մոտ 11 հազար: Բանկի ակտիվ քարտերի քանակն աճել է 44%-ով եւ կազմել մոտ 7000:Կարեն Սարգսյանը տեղեկացրել է նաեւ նոր ավանդային ակցիայի մասին, որի շրջանակներում բանկն ընդունելու է ֆիզանձանցից ժամկետային դրամային ավանդներ՝ 14%, դոլարային ՝ 10% եւ եվրոյով ՝ 8% տարեկան տոկոսադրույքով: Ավանդային ակցիան բանկում կշարունակվի մինչեւ մայիսի վերջ: Բանկն ավարտել է 2011թ-ը 770 մլն դրամի շահույթով: Սեփական կապիտալի շահութաբերությունը (ROE) հաշվետու տարում կազմել է 10.7%, իսկ ակտիվների շահութաբերությունը (ROA)՝ 2.6%:Կարեն Սարգսյանը տեղեկացրել է նաեւ, որ շուտով բանկը հանդես է գալու հիփոթեքային նոր վարկատեսակով, որտեղ չի լինի պարտադիր կանխավճարի պահանջ: Զարգացման Հայկական Բանկի բիզնես-վարկատեսակներին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 2140