Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր վարչական վարույթներ է հարուցել դեղերի վաճառքով զբաղվող 15 ընկերությունների եւ 12 առողջապահական հիմնարկների նկատմամբ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հանձնաժողովն ուսումնասիրել է պետական գնումների ոլորտում ներգրավված 134 առողջապահական հաստատությունների և դեղերի վաճառքով զբաղվող 314 ընկերությունների գործունեությունը, ինչի արդյունքում բացահայտել է բազմաթիվ խախտումներ:Հանձնաժողովի ուսումնասիրությունը պարզել է, որ, ընդհանուր առմամբ, 134 բուժհաստատություններից 109-ի մոտ առկա է մրցույթ չհայտարարելու գծով խախտում: Մասնավորապես, 26 բուժհաստատությունների կազմակերպված 37 մրցույթներին մասնակցել են դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերություններ, սակայն մշտապես մրցույթում հաղթել է միեւնույն ընկերությունը:«Դեպքեր կան, երբ բուժհաստատությունները մրցույթ չեն հայտարարում եւ դեղորայք են ձեռքբերում միշտ նույն ընկերությունից, եւ հաճախ բուժհաստատության ղեկավարը լինում է նաեւ դեղորայք մատակարարող ընկերության հիմնադիրը»,- այսօր ասել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նիստի ընթացքում որպես օրինակ բերվել է հաշիվ-ապրանքագիր, երբ բուժհաստատությունը պետական միջոցներով ձեռք է բերում դեղորայք շուկայականից շուրջ 6 անգամ թանկ գնով, ընդ որում բուժհաստատության ղեկավարը դեղորայք մատակարարող ընկերության համասեփականատերն է: Բացահայտվել են նաեւ դեպքեր, երբ առողջապահական հիմնարկները, որոնք պետական ծրագրերի շրջանակներում պետք է դեղորայք տրամադրեին սոցիալապես անապահով ընտանիքներին, ուղղորդում էին շահառուներին իրենց հետ փոխկապակցված դեղատներ: «Պետական գնումների շրջանակներում անցկացված մրցույթների ժամանակ դեղերի շուկայում գերիշխող դիրք ունեցող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ չարաշահել են իրենց դիրքը, բուժհաստատությունների եւ մատակարար ընկերությունների միջեւ պայմանավորվածություններն ուղեկցվել են պետական բյուջեյի անարդյունավետ օգտագործմամբ եւ դաշտում մրցակցության սահմանափակմամբ»,- ասել է Արտակ Շաբոյանը: ՏՄՊՊՀ նիստում վարույթներ հարուցվեցին դեղերի առքուվաճառքով զբաղվող 15 ընկերությունների (Նատալի Ֆարմ, Վիոլա, Ամիկուս, Եվրոֆարմ, Դելտա, Մեդտեխսերվիս, Անիկոֆարմ, Ռուսֆարմ, Գրիմոս Գրուպ, Շախ ԷՄ Գրուպ, Դիանա ֆարմ, Ա/Ձ Հ. Գևորգյան, Կամելիա, Էգդանի, Մեգի Էլ) եւ 12 բուժհաստատություների (Նոր Արաբկիր առողջության կենտրոն, ՀՀ ԱՆ Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, Ալավերդու բժշկական կենտրոն, Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոն, Սեւանի հիվանդանոց, Հրազդանի բժշկական կենտրոն, Դիլիջանի բժշկական կենտրոն, Կապանի բժշկական կենտրոն, Արմավիրի բժշկական կենտրոն, Մեծամորի բժշկական կենտրոն, Վանաձորի թիվ 1 եւ թիվ 20 պոլիկլինիկաներ) նկատմամբ: Tweet Դիտում՝ 2382