Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի ընթացքում Հայաստանի հանրային հատվածի շուրջ 120 հազ. աշխատակիցներ կստանան կտրոններ, որոնք իրենց նախընտրած ապահովագրական ընկերություն ներկայացնելով, կապահովագրեն իրենց առողջությունը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր ասել է, որ իր ակնկալիքներով, մարտին բոլոր շահառուները արդեն պետք է ապահովագրական պոլիսներ ունենան, քանի որ բուժապահովագրությունը նախապայման է հանրային հատվածի աշխատակիցների համար նախատեսված սոցիալական փաթեթի այլ ծառայություններից օգտվելու համար: Բուժապահովագրության մեկ ապահովագրական պոլիսը պետության համար կարժենա տարեկան 52 հազ. դրամ, որի պարագայում քաղաքացուն փոխհատուցվող գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3,8 մլն դրամ: Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նշված գումարի շրջանակներում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի անհետաձգելի եւ պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում՝ տարեկան պլանային բուժզննում, թերապեւտիկ բուժում, վնասվածքների եւ էլեկտրահարությունների բուժում, նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական միջամտություններ եւ այլն:Ըստ Վաչե Գաբրիելյանի, սոցփաթեթի ծրագրում որոշվել է ընդգրկել նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական եւ մշակութային հաստատությունների եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողներին: Նախարարը տեղեկացրել է, որ սոցիալական փաթեթը չի տարածվում կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում 6 ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ անձանց, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ տեխսպասարկում իրականացնող անձանց վրա: Կրթական հաստատություններից, մասնավորապես, փաթեթից չեն կարողանա օգտվել բուհերի աշխատակիցները:2012թ-ից Հայաստանում ներդրող սոցիալական փաթեթը, որով յուրաքանչյուր աշխատակցի համար նախատեսված գումարը կազմում է տարեկան 132 հազ. դրամ, հնարավորություն է ընձեռում հանրային հատվածի շուրջ 120 հազ. աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամներին (ամուսնուն եւ մինչեւ 27 տարեկան չամուսնացած զավակներին) հավասարաչափ օգտվել հետեւյալ սոցիալական ծառայություններից.- բժշկական ապահովագրություն (աշխատակիցների համար՝ պարտադիր);- հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում;- կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար;- հանգստի կազմակերպում ՀՀ եւ ԼՂՀ տարածքում: Ֆինանսների նախարարի հավաստմամբ, ապահովագրական պոլիսը ձեռքբերելուց հետո քաղաքացին ինքն է որոշելու, թե ինչպես տնօրինել մնացած 80 հազ. դրամը՝ ապահովագրել ընտանիքի մնացած անդամների առողջությունը, թե օգտվել փաթեթի մյուս ծառայություններից: Սոցիալական փաթեթի ներդրման համար պետբյուջեից ուղղվել է 18 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 3887