Երեւան: Մեդիամաքս: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի(ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ասել է, որ “Աշտարակ Կաթ” ընկերությունը արդարացի է տուգանվել, քանի որ վերջինիս արտադրանքում առկա են եղել անթույլատրելի սննդային հավելումներ:“Փաստեր եւ ապացույցներ չունենալու դեպքում որոշումներ չենք կայացնում, քանի որ սխալվելու իրավունք չունենք: Կաթնամթերք արտադրող բոլոր ընկերություններում ՏՄՊՊՀ-ն անցկացրել է հետազոտություն”,-ասել է նա:ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ իրենց մոտ է գտնվում “Աշտարակ կաթ” ընկերության տնօրենի կողմից հաստատված եւ կնքված պաշտոնական բաղադրատոմսը, որտեղ առկա են այնպիսի անթույլատրելի հավելանյութեր, ինչպես, օրինակ, կոկոսի յուղն է:Մեդիամաքս-ը նշում է, որ դեկտեմբերի 19-ին \"Աշտարակ Կաթ”-ի տնօրեն Ստեփան Ասլանյանն ասել էր, որ ընկերության ավանդական կաթնամթերքը (կաթ, թթվասեր, մածուն) բուսական յուղեր չի պարունակում, ինչպես պնդում է ՏՄՊՊՀ-ն:«Մեր մի շարք մթերքներ պարունակում են կոկոսի յուղ, մասնավորապես, պաղպաղակը, ջնարակապատ պանրիկները, հալած պանիրը, ինչն ընդունված է ողջ աշխարհում, թույլատրված է օրենքով եւ ինչի մասին կա համապատասխան նշում պիտակի վրա»,- ասել է Ստեփան Ասլանյանը:Նա կոչ էր արել պատասխանատու պետական մարմիններին եւ շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ընկերության յուրաքանչյուր ժամկետի արտադրանքի սեփական լաբորատոր զննությունն անցկացնել` դրանցում բուսական յուղի եւ այլ հավելումների բացակայության մեջ համոզվելու համար:Դեկտեմբերի 16-ի նիստում ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել կաթնամթերքի 3 արտադրողների (Աշտարակ Կաթ, Անի Կաթ եւ Դուստր Մարիաննա) տարեկան հասույթի 1%-ի չափով իրենց արտադրանքում, մասնավորապես, թթվասերում բուսական (կոկոսի) յուղի պարունակության, ինչպես նաեւ կաթի փոշու օգտագործման մասին նշումների բացակայության եւ արտադրանքի յուղայնության նորմերին չհետեւելու համար: Աշտարակ Կաթի նկատմամբ հանձնաժողովի տուգանքը կազմել է 50 մլն դրամ: Tweet Դիտում՝ 1774