«Դուստր Մարիաննա», «Անի » եւ «Աշտարակ կաթ» կաթնամթերքում՝ արգելված հավելանյութեր

16.12.2011 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) տարեկան հասույթի 1%-ի չափով տուգանել է «Աշտարակ կաթ», «Դուստր Մարիաննա» եւ «Անի կաթ» կաթնամթերք արտադրող ընկերություններին, որոնց արտադրանքը զբաղեցնում է Հայաստանի կաթնամթերքի շուկայի 80%-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած հանձնաժողովի նիստին ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի կողմից նախաձեռնած լաբորատոր փորձաքննության արդյունքներում պարզվել է, որ վերոհիշյալ ընկերությունները կաթնամթերքի, մասնավորապես, թթվասերի, արտադրության մեջ օգտագործել են բուսական (հիմնականում՝ կոկոսի) յուղ, ինչն արգելված է օրենսդրությամբ եւ որոշակի բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

Փոխարենը կաթնամթերքի արտադրության մեջ պետք է օգտագործվեր կենդանական ձագման յուղ, որը մի քանի անգամ թանկ է եւ ունի շատ ավելի ցածր յուղայնություն:

Լաբորատոր փորձաքննությունը պարզել է նաեւ, որ նշված 3 ընկերությունները իրենց արտադրության մեջ օգտագործում են մեծ քանակով կաթի փոշի, սակայն չեն տեղեկացնում այդ մասին ապրանքների վրա, ինչը նույնպես օրենքի խախտում է: Բացի այդ, հայտնաբերվել է, որ ընկերությունները չեն պահպանում յուղայնության մակարդակը, եւ հաճախ արտադրանքի իրական յուղայնությունը ավելի ցածր է, քան նշվում է կաթնամթերքի վրա:
    
«Այսպիսով, կաթնամթերք արտադրող ընկերությունները, դրսևորելով անբարեխիղճ մրցակցություն, խաբում են սպառողներին, բացի այդ, նման վարքագծով մրցակցային լուրջ առավելություն են ստանում բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ», - ասել է Արտակ Շաբոյանը:

Նա նշել է, որ տարեկան հասույթի 1%-ը օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է եւ Աշտարակ կաթ, Դուստր Մարիաննա եւ Անի կաթ ընկերությունների համար այն կկազմի համապատասխանաբար 50 մլն, 20 մլն եւ 5 մլն դրամ:

Արտակ Շաբոյանը տեղեկացրել է նաեւ, որ հանձնաժողովի ուսումնասիրությունների ընթացքում անհամապատասխանություններ են հայտնաբերվել կաթնամթերքի գնագոյացման տեսանկյունից, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ ընկերությունները ուռճացված  են ներկայացնում արտադրանքի ինքնարժեքը կամ նրանց մոտ առկա են ստվերային շրջանառության մեծ ծավալներ:

Հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ արտադրողներն այս ոլորտում աշխատում են բավարար շահութաբերությամբ, հետեւաբար, նրանց կողմից գների բարձրացումը կդիտարկվի որպես չհիմնավորված:  

Դիտում՝ 4221
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW