Երեւան: Մեդիամաքս: Միջազգային դոնորները եւ այլ կազմակերպություններն այսօր քննարկել են ՀՀ-ում բարեփոխումների գործընթացի արագացմանն ուղղված ԵՄ-ի Արեւելյան գործընկերության նորամուծական մոտեցում հանդիսացող` Հայաստանում պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիրը (CIB): Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարությունն իր կողմից ներկայացրել է CIB ծրագրի շրջանակներում մշակված Ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը (IRP): ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ Հայաստանում CIB ծրագիրն ուղղված է հիմնական 3 ոլորտներում բարեփոխումների իրականացմանը. - Ասոցացման համաձայնագրի բանակցությունների նախապատրաստման, համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացում; - աջակցություն արդարադատության, ազատությունների եւ անվտանգության ոլորտներին; - աջակցություն ԵՄ-ի հետ ազատ առեւտրային գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունների նախապատրաստական աշխատանքներին: «Այդ ծրագրերը պատրաստ են, մենք ներկայացրել ենք դրանք մեր գործընկերներին, բայց այդ գործընթացը միանվագ չէ` դա երկարատեւ պրոցես է, որը պահանջում է երկար աշխատանք եւ մեր ու մեր գործընկերների կողմից քայլերի հերթականության հստակ սահմանում»,- ասել է Տիգրան Դավթյանը: Նախարարը ընդգծել է, որ այս ծրագրի համար 2011-2013թթ. Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է 32 մլն եվրո: Տիգրան Դավթյանը հույս է հայտնել, որ ԵՄ-ի հետ ազատ առեւտրային գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները կսկսվեն 2012թ. առաջին կեսին: «Մենք մեծ ծավալի աշխատանք ենք իրականացրել, եւ կարծում եմ, եթե շարունակենք այսպես աշխատել, բանակցությունները, որոնք հիմնականում տեւում են 5 տարի, մենք կկարողանանք հաջողությամբ ավարտի հասցնել 2-3 տարվա ընթացքում», - ասել է Տիգրան Դավթյանը, պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին: Tweet Դիտում՝ 4887