Հրանտ Բագրատյան. «ՀՀ բանկային օրենսդրությունը դանդաղեցրել է տնտեսության աճը»

30.11.2011 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ամբողջ տնտեսությունն աշխատում է բանկային համակարգի համար, որն իր հերթին աշխատում է գերշահույթներով, ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում տնտեսագետն ասել է, որ ԿԲ-ի կողմից սահմանված պահուստավորման բարձր նորմատիվները հարաբերականորեն զրկում եմ տնտեսությանը վարկավորումից եւ հարաբերականորեն ավելացնում բանկերի կայունությունը: Ըստ Հրանտ Բագրատյանի, բանկերի կայունությունն էլ ավելի է ամրապնդվում այն հանգամանքով, որ նրանք կարող են ցանկացած վատ վարկ դուրս գրել ի հաշիվ բյուջեի:

«Բանկերը դոլարային ավանդներն ընդունում են այսօր 8-9%-ով, իսկ տալիս են դոլարային վարկեր` միջինը 15-16%-ով: Ստացվում է, որ շահութաբերությունն այստեղ 200% է: Իսկ Ուկրաինայում, օրինակ, դոլարային ավանդների տոկոսադրույքը մոտ 10% է, իսկ վարկերինը` 13%, այն պայմաններում, երբ այդ երկրում գնաճը չի իջնում 10%-ից», - ասել է Հրանտ Բագրատյանը:

Շարունակելով Ուկրաինայի եւ Հայաստանի բանկային համակարգերի համեմատությունը, Հրանտ Բագրատյանն ասել է, որ թեեւ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանն ու Ուկրաինան գրեթե հավասար են, այդ երկրում բանկային ակտիվների ծավալը հավասար է ՀՆԱ-ին, մինչդեռ Հայաստանում ՀՆԱ-ն 9 մլրդ է, իսկ բանկերի ակտիվները կազմում են շուրջ 5 մլրդ: Տնտեսագետը նկատել է նաեւ, որ մեկ շնչի հաշվով նույն ՀՆԱ-ի պարագայում Ուկրաինայում մեկ շնչի հաշվով բանկային խնայողությունները գերազանցում են Հայաստանի ցուցանիշը ավելի քան 4 անգամ:

«Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսությունը պարզապես թերվարկավորված է։  Վերցնենք մեկ այլ երկիր` Էստոնիան: Այնտեղ բանկային ակտիվները 2 անգամ գերազանցում են ՀՆԱ-ն», - ասել է Հրանտ Բագրատյանը:      
             
Ըստ նրա, այս երեւույթի պատճառը Հայաստանի բանկային օրենսդրությունն է, որն ընդունվել է հիմնականում 1998-2008 թվականներին: «Կարծում եմ նաեւ, կոպիտ սխալ կատարեցինք բանկերում` չափազանց երես տալով Կենտրոնական բանկին: Բանկային օրենսդրությունը հիմնականում ընդունվեց 1998-2008 թվերին, բայց դրա սկիզբը դրվեց դեռեւս 1996-ին եւ իմ պայքարը դրա դեմ եւս չհաջողվեց: Այս օրենքներն ընդունվում էին այն ակնկալիքով, որ սփյուռքահայերը կներդնեն իրենց փողերը հայկական բանկերում, իսկ իրականում այստեղից փողը սկսեց արտահոսել: Հիմա, երբ արդեն անցել է 15 տարի, մենք կարող ենք արձանագրել, որ սա կոպիտ սխալ էր, որը դանդաղեցրել է տնտեսության աճը», - ասել է ՀՀ նախկին վարչապետը:

Խոսելով Հայաստանի տնտեսության զարգացման այլ խոչընդոտների մասին, Հրանտ Բագրատյանն ասել է նաեւ, որ դրանցից է նաեւ սեփականաշնորհման գործընթացի փոփոխությունը: «Իմ պաշտոնավարումից հետո խորհրդարանն օրենք ընդունեց, որով աճուրդի ճանապարհով սեփականաշնորհումը վերածվեց ուղղակի վաճառքի, ինչը կոպիտ սխալ էր: Եվ ես չկարողացա դրա դեմն առնել», - ասել է Հրանտ Բագրատյանը:

Կարդացեք նաեւ` Հրանտ Բագրատյան. «Շատ եմ ուզում ալբոմ թողարկել»

Դիտում՝ 2878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW