Երեւան/Մեդիամաքս/. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Ամերիաբանկին 5 տարի ժամկետով $20 մլն-ի չափով վարկ է տրամադրել փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում համապատասխան վարկային համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանում ԱԶԲ ներկայացուցիչ Դեւիդ Դոուլն ասել է, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման նպատակով հայկական ֆինանսական կազմակերպություններին (Ամերիաբանկի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին, Արդշինինվեստբանկին եւ Ինեկոբանկին) տրամադրվող Ասիական զարգացման բանկի վարկի ընդհանուր չափը կազմում է $65 մլն:Խոսելով ԱԶԲ-ի կողմից հայկական բանկերին միջոցներ տրամադրելու պատճառների մասին, Դեւիդ Դոուլը նշել է բարելավվող ներդրումային միջավայրը Հայաստանում, միաժամանակ շեշտելով, որ Հայաստանում բիզնես վարելու թույլ կողմը շարունակում է մնալ ֆինանսական միջոցների դժվար հասանելիությունը: “Հայաստանում մասնավոր հատվածի ֆինանսավորման մակարդակն ավելի ցածր է, քան այլ եվրոպական երկրներում, եւ տրամադրելով տվյալ վարկը, մենք ձգտում ենք աջակցել մի շարք բանկերում բիզնեսի վարկավորման աճին”,- ասել է Դեւիդ Դոուլը:Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանն ասել է, որ ԱԶԲ-ի միջոցով բանկը մրցունակ դրույքներով վարկավորելու է փոքր եւ միջին ձեռնարկատիրության բոլոր ոլորտները` նշելով, որ կորպորատիվ վարկերի միջին տարեկան դրույքը բանկում կազմում է 11-12%:Գագիկ Սահակյանը նաեւ ասել է, որ Ամերիաբանկը առաջատարն է Հայաստանում բիզնեսի վարկավորման ծավալներով`հավելելով, որ բանկի բիզնես-վարկերի պորտֆելը կազմում է $300 մլն-ի: Tweet Դիտում՝ 6152