Երեւան/Մեդիամաքս/. Բանկերի հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմամբ զբաղվող Ազգային հիփոթեքային ընկերությունն այսօր տեղաբաշխել է 1 մլրդ դրամ ծավալով եւ 6 ամիս մարման ժամկետով անվանական զեղչակտրոնային պարտատոմսեր:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, սա առաջին տեղաբաշխումն է Հայաստանում, որն իրականացվել է բորսայի միջոցով: Թողարկման ծավալը կազմել է 954,7 մլն դրամ, պահանջարկը՝ 1,4 մլրդ, միջին կշռված եկամտաբերությունը՝ 9,38%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 9,63%: Պարտատոմսերն ամբողջությամբ ձեռք են բերվել բանկերի կողմից:ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանն ասել է, որ տեղաբաշխման հարթակը բորսայի այն լրացուցիչ ծառայություններից է, որոնք մատուցվում են ընկերությունների կողմից պահանջարկի առկայության դեպքում: Ազգային հիփոթեքային ընկերության տնօրեն Մհեր Եդիգարյանը նշել է, որ ընկերության պարտատոմսերն իրենց կառուցվածքով խիստ տարբերվում են ամերիկյան չարաբաստիկ Freddy Mac եւ Fannie May հիփոթեքային ընկերությունների թղթերից, քանի որ դրանց ռիսկը կրում է թողարկողը եւ պարտատոմսերն ապահոված են բանկերի կողմից տրված վարկերով: «Այս պարտատոմսերի ավելի կատարելագործված տեսակն արդեն շուրջ 200 տարի կա Դանիայում եւ դրանց գծով պարտավորությունների չկատարում երբեք չի գրանցվել», - նշել է Մհեր Եդիգարյանը:Նա տեղեկացրել է նաեւ, որ ընկերությունը շարունակելու է տեղաբաշխումները հաջորդ տարի, նախատեսելով այդ կերպ ներգրավել 2-3 մլրդ դրամ:Ազգային հիփոթեքային ընկերությունը հիմնադրվել է 2009-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ բանկերի հիփոթեքային վարկերը վերաֆինանսավորելու եւ այդ կերպ վարկային տոկոսադրույքների նվազմանը նպաստելու նպատակով: Ընկերությունը վերաֆինանսավորում է վարկերը 8,75% տոկոսադրույքով եւ իր գոյության ընթացքում վերաֆինանսավորել է 16 մլրդ դրամի ավելի քան 2000 վարկ: Tweet Դիտում՝ 2379