Երեւան: Մեդիամաքս: Moody’s- ի կողմից Հայաստանի կանխատեսման փոփոխության ազդեցությունը մեր երկրի վրա ակնառու չի լինի, այսօր Մեդիամաքս-ին ասել է Արմենբրոկ ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը:Փորձագետն ասել է այս մասին՝ Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի կանխատեսումը «կայունից» «բացասական» իջեցումը՝ պայմանավորված Եվրոպայում եւ Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ:Ըստ Արամ Կայֆաջյանի, կանխատեսման փոփոխության արդյունքում ռեսուրսներ ներգրավելը կարող է ավելի դժվարին դառնալ ինչպես պետության, այնպես էլ մասնավոր ընկերությունների եւ բանկերի համար, սակայն տնտեսության վրա դրա ազդեցություն էական չի լինի այն պատճառով, որ «այս ցուցանիշին մեծ ուշադրություն են դարձնում ներդրողները, իսկ մեզ մոտ նրանց քանակը առանց այն էլ չափազանց սահմանափակ է, եւ, բացի այդ, Հայաստանը եւ հայկական ընկերությունները չունեն սուվերեն եվրոբոնդեր»:Այնուամենայնիվ, փորձագետը արդարացված է համարում Հայաստանի վարկանշի կանխատեսման իջեցումը: «Նման հարցերում միշտ կարող է առկա լինել սուբյեկտիվ մոտեցում, սակայն ես եւս կարծում եմ, որ տնտեսության սահմանափակ դիվերսիֆիկացումը, արտաքին գործոններից բարձր կախվածության մակարդակը, ինչպիսիք են մետաղների միջազգային գները եւ տրանսֆերտների հոսքերը, ինչպես նաեւ արտաքին առեւտրային հաշվեկշռի խիստ բացասական սալդոն իսկապես ռիսկեր են առաջացնում տնտեսության կայունության պահպանման համար», - ասել է Արամ Կայֆաջյանը:Մեկնաբանելով Հայաստանի տնտեսության՝ ճգնաժամի նոր ալիքին ավելի պատրաստ լինելու մասին հնչող կարծիքները, Արամ Կայֆաջյանն ասել է, որ համաձայն չի այդ մտքերի հետ, «քանի որ տնտեսության շարժիչ ուժերը եւ ոլորտները գրեթե չեն փոփոխվել 2008թ. համեմատ»: «Մինչ այժմ տնտեսական զարգացման տեմպերի վրա չափազանց մեծ է մետաղների գների, տրանսֆերտների եւ Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության ազդեցությունը: Իսկ այս բոլոր գործոնները ծավալը գլոբալ ճգնաժամային եւ անկայունության պայմաններում միշտ կտրուկ անկում է ապրում», - եզրափակել է Արմենբրոկ-ի տնօրենը Մեդիամաքս-ի հետ զրույցում: Tweet Դիտում՝ 6476