Moody’s-ը Հայաստանի կանխատեսումը «կայունից» իջեցրել է «բացասական»

22.11.2011 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի կանխատեսումը «կայունից» իջեցրել է «բացասական»` պայմանավորված Եվրոպայում եւ Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղեցմամբ:

Moody’s նշել է, որ Եվրոպային եւ Ռուսաստանին բաժին է ընկնում հայկական արտահանման 58 %-ը, եւ Հայաստանի կախվածությունը ռուսաստանյան շուկայից իր մեջ ռիսկեր է պարունակում:
 
Moody’s նաեւ կարծում է, որ մետաղների գների հնարավոր նվազումը եւս կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա: Գործակալությունը նաեւ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Հայաստանի արտաքին պարտքը կրկնապատկվել է վերջին 3 տարիների ընթացքում:

Միաժամանակ Moody’s հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ֆիսկալ կարգապահության ամրապնդմանը եւ 2012թ. պետբյուջեի նախագծի համաձայն ծրագրում է կրճատել դեֆիցիտը մինչեւ ՀՆԱ-ի 3.1 %-ը: Այդուհանդերձ
Moody’s նշում է, որ այդ ծրագրերի իրագործման համար առկա են “նշանակալի” ռիսկեր:

Մեդիամաքս-ը նշում է, որ 2010թ. մայիսին Moody’s գործակալությունը հրապարակել է իր ամենամյա հաշվետվությունը, որում ասվում է, որ Հայաստանի B2 վարկանիշը (կայուն կանխատեսմամբ) հավասարակշռում է ցածր տնտեսական կայունությունը եւ կառավարության բարձր ֆինանսական ներուժը:

«2009թ. Հայաստանը բախվեց լուրջ մարտահրավերների: Չնայած Հայաստանը չկրեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ուղղակի ազդեցությունը փոքր բանկային հատվածի պատճառով, դրամական փոխանցումների կտրուկ կրճատումը հանգեցրեց ՀՆԱ 15% կրճատմանը»,- նշում էր Moody’s-ի փոխնախագահ, սուվերեն վարկանիշերի խմբի ավագ վերլուծաբան Էնթոնի Թոմասը:

Հաշվետվությունում ասվում էր, որ Հայաստանի իշխանությունները պատասխանել են միջոցառումների համապարփակ եւ հավակնոտ փաթեթով, ներառյալ պարզեցված հարկային եւ դրամային քաղաքականությունը: Moody’s-ի վերլուծաբանները նշում էին, որ չնայած այդ միջոցառումները մի փոքր սահմանափակել են ՀՆԱ նվազման միտումը, դրանք լրջորեն վատթարացրել են կառավարության պարտքի պարամետրերը:

Միաժամանակ, Moody’s-ը նկատում էր, որ Հայաստանն իր քաղաքականությունն իրականացրել է ԱՄՀ-ի հետ համաձայնեցված, եւ դրա շարունակումը կառավարությանը թույլ կտա դադարեցնել պարտքի պարամետրերի վատթարացումը:

«Սակայն եթե Հայաստանը չկարողանա լիովին կատարել ԱՄՀ-ի հետ ձեռքբերված համաձայնագիրը, երկրի վարկանիշը կարող է հայտնվել ճնշման տակ»,- նշել էր Էնթոնի Թոմասը:

Դիտում՝ 5832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW