Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր Երեւանում կայացած նիստում հրապարակել է բուսասերուցքային սպրեդը կարագի անվան տակ սուպերմարկետներին իրացնելու, այնուհետեւ մանրածախ վաճառքի հանելու վերաբերյալ վարչական վարույթի արդյունքները:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վարույթի արդյունքում պարզվել է, որ մի կողմից «Բիո Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել Աննա», «Ֆելիքս-Սարգ» եւ «Արդիս» ՍՊԸ-ները ներկրել են բուսասերուցքային սպրեդ եւ իրացրել այն առեւտրի կետերին կարագի անվան տակ, իսկ մյուս կողմից «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուպ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ» եւ «Նոր Զովք» ՍՊԸ-ներին պատկանող սուպերմարկետները փաստաթղթերով մատակարարներից գնել են բուսասերուցծային սպրեդ, սակայն վաճառել այն որպես կարագ:Բուսասերուցքային սպրեդի կիլոգրամը կարագից էժան է շուրջ 1000 դրամով; այն բուսական եւ կաթնային ճարպերի խառնուրդից պատրաստված սննդամթերք է՝ 39-ից 95% ընդհանուր յուղայնությամբ եւ հանդիսանում է սերուցքային կարագի ոչ լիարժեք փոխարինիչ:Հաշվի առնելով, որ բոլոր դեպքերում խախտումների բնույթը նույնն է եւ այն, որ խախտումները բոլոր տնտեսվարողների մոտ վերացվել են, հանձնաժողովը որոշել է կիրառել բոլոր 10 տնտեսվարողների նկատմամբ 3-ական մլն դրամ տուգանք եւ տալ խիստ նախազգուշացում: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը շեշտել է, որ երկրորդ անգամ նմանատիպ խախտում հայտնաբերելու դեպքում տուգանքի չափը «մի քանի անգամ ավելի մեծ կլինի»: Նիստին ներկա չարաշահող ընկերությունների ներկայացուցիչների մեծամասնությունը ընդունել են խախտումների առկայությունը: Հանձնաժողովի որոշմանը դեմ է արտահայտվել միայն «Կարթել Աննա» ՍՊԸ ներկայացուցիչը, հայտնելով, որ բողոքարկելու է որոշումը դատարանում: Tweet Դիտում՝ 5099