Երեւան: Մեդիամաքս: Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) Հայաստանում այս տարի կատարած ներդրումների ծավալը կազմել է 15 մլն եվրո: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԱԶՍԲ նախագահ Անդրեյ Կոնդակովն այսօր Երեւանում ասել է, որ բանկը հավատարիմ է մնում 4 տարվա ընթացքում Հայաստանում ներդրումների ծավալը կրկնապատկելու եւ այն մինչեւ 100 մլն եվրո հասցնելու իր ռազմավարությանը: Բանկի ղեկավարի խոսքով, ընթացիկ տարում բանկը 2 վարկ է տրամադրել հայկական բանկերին (Հայէկոնոմբանկին եւ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին) փոքր եւ միջին ձեռներեցության ֆինանսավորման համար, ինչպես նաեւ միջոցներ է ուղղել Հայաստանում մոտ ապագայում գործարկվող հիմնադրամի կապիտալ, որը ներդրումներ է կատարելու հեռանկարային ձեռնարկություններում: “Ներդրումների ոլորտներն են իրական հատվածը եւ ֆինանսական ինստիտուտները: Դուք լավ բանկեր ունեք, որոնց հետ մենք հետաքրքրված ենք աշխատել”,- նկատել է Անդրեյ Կոնդակովը` հավելելով, որ բանկը պատրաստ է ուսումնասիրել Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում ներդրումներ կատարելու առաջարկները: Անդրեյ Կոնդակովը տեղեկացրել է, որ 2012 թ. հունիսին Երեւանում տեղի կունենա ԱԶՍԲ տարեկան հավաքն ու բիզնես-ֆորումը: “Սա է մեր պատվիրակության Հայաստան կատարած այցի գլխավոր նպատակը: ՀՀ իշխանությունների հետ մենք քննարկում ենք տարեկան հավաքի եւ բիզնես-ֆորումի ծրագիրը եւ Հայաստանը` հետաքրքիր ներդրումային հնարավորություններով երկիր ներկայացնելու տարբերակները”,- ասել է բանկի ղեկավարը: Tweet Դիտում՝ 4924