Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ “գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից”: Նախագահն այդ մասին ասել է այսօր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում:“Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել եւ ապահովել յուրաքանչյուր քաղաքացու եւ գործարարի շահը: Պետությունը եւ գործարարը պետք է հանդես գան որպես վստահելի գործընկերներ”, - ասել է նախագահը:Սերժ Սարգսյանն ասել է, որ “տնտեսական կայունության առումով ավելի առաջ ենք գնալու` ապահովելով ոչ միայն գնաճի մակարդակի ու ֆինանսական համակարգի կայունությունը, այլեւ տարեցտարի կրճատելու ենք պետբյուջեի դեֆիցիտ-համախառն ներքին արդյունք հարաբերակցության մակարդակը”: “Բիզնեսին հարկավոր է բարենպաստ գործարար միջավայր. մենք դա ապահովելու ենք: Արդեն դրել ենք երկրների գործարար միջավայրների ազատությունը բնութագրող միջազգային սանդղակում կտրուկ վեր բարձրանալու գործընթացի սկիզբը: Ընդ որում, անցած տարի փաստորեն Հայաստանն աշխարհի թերեւս միակ երկիրն էր, որն առաջընթաց էր արձանագրել ազատության աստիճանը բնութագրող բոլոր ուղղություններով: Այս հարցում ես ակնկալում եմ նոր` ավելի էական ձեռքբերումներ, եւ այդ մասին կառավարությունում լավ գիտեն”, - ասել է Հայաստանի նախագահը: Tweet Դիտում՝ 4315