Հայաստանը՝ ԱՊՀ կապիտալի շուկաների եվրաինտեգրման շարժիչ ուժ

01.11.2011 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Հոկտեմբերի սկզբին լոկալ արժեթղթերի շուկաների զարգացմանը նվիրված միջազգային կոնֆերանսը հենց Երեւանում անցկացնելն ամենեւին պատահական չէր: Ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների տարածաշրջանային ասոցիացիաների (Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի – ԵԿԴԱ եւ ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիաների – ԱՊՀ ԲՄԱ) առաջին համատեղ միջոցառումը Երեւանում հերթական ֆորմալ հավաքը չհանդիսացավ. այն ազդարարեց հետխորհրդային տարածաշրջանում կապիտալի շուկաների ինտեգրացիոն գործընթացի սկիզբը, որտեղ Հայաստանը շարժիչ ուժ է, չնայած իր կապիտալի շուկայի թերզարգացած լինելուն: Թե ինչպիսի նոր հնարավորություններ են ստեղծվում մեր տնտեսության համար մեկնարկած գործընթացի արդյունքում Մեդիամաքս-ի եւ Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) տնօրեն Վահան Ստեփանյանը:   

- Կոնֆերանսի առարկայական արդյունքներից էր ՀԿԴ-ի եւ ռուսաստանյան Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի (ԱՀԴ) միջեւ ՀԿԴ-ում ԱՀԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման և վարման պայմանագրի կնքումը: Որքանո՞վ է դա հեշտացնում ռուսաստանյան պորտֆելային ներդրումների ներհոսքը Հայաստան:

- ԱՀԴ-ի հետ այս պայմանագրի կնքումը ռուսական դեպոզիտարիայի հաճախորդներին թույլ է տալիս Հայաստանի արժեթղթերում ներդրումներ կատարել՝ աշխատելով ԱՀԴ-ի հետ եւ ոչ թե ՀԿԴ-ի, ինչի արդյունքում շատ հեշտանում է Հայաստանում ներդրումներ իրականացնելը:

Այս պայմանագրից բացի ձեռք են բերվել պայմանավորվածություններ նաեւ ԱՊՀ անդամ այլ երկրների, մասնավորապես, Բելառուսի կենտրոնական դեպոզիտարիայում օտարերկրյա անվանատիրոջ հաշիվների բացման մասին:

Կարելի է արձանագրել, որ մեկնարկել է դեպոզիտարիաների տարածաշրջանային ինտեգրման մեծ գործընթաց:

- Բացատրեք առավել պատկերավոր, թե ինչպես է հեշտանում օտարերկրյա թղթերում ներդնելու գործընթացը վերոհիշյալ պայմանագրի արդյունքում:

- Ցանկացած դեպոզիտարիա այլ դեպոզիտարիայում բացելով օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ, իրավունք է ստանում իր մոտ հաշվառելու արժեթղթերի վերջնական սեփականատերերին, այսինքն` պահում է արժեթղթերն իր մոտ: Եթե այսօր անձը ցանկություն ունի ներդնել որեւէ այլ երկրի արժեթղթերում, ու իր երկրի դեպոզիտարիան չունի թղթակցային հարաբերություններ այդ երկրի դեպոզիտարիայի հետ, ապա ներդրողը ստիպված է ինքնուրույն հաշիվ բացել ուրիշ երկրի դեպոզիտարիայում, ինքնուրույն ուսումնասիրել այդ երկրի դեպոզիտարիայի կանոնները եւ օրենսդրական առանձնահատկությունները, իմանալ, թե ինչ է անհրաժեշտ հաշիվ բացելու համար, մի խոսքով, միայնակ է կանգնում բոլոր գործառնական բարդությունների առջեւ: Իսկ երբ ներդրողի երկրի դեպոզիտարիան օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ ունի այլ երկրի դեպոզիտարիայում, ներդրողը կառուցում է հարաբերություններն արդեն իր երկրի դեպոզիտարիայի հետ, ինչն անհամեմատ հեշտ է: Նա ներդնում է այլ երկրում, սակայն արժեթղթերը պահվում են իր պետությունում, եւ նա արդեն չի առնչվում այլ երկրի օրենսդրական եւ իրավական առանձնահատկությունների հետ, քանի որ այդ մասին հոգում է իր դեպոզիտարիան: Այսպիսով, տարբերությունն էական է:

- Իսկ ինչո՞ւ չի կնքվել նաեւ մեր պորտֆելային ներդրումները ռուսաստանյան արժեթղթերի շուկայում թեթեւացնելու մասին համապատասխան պայմանագիր:

- Այստեղ խնդիրը Ռուսաստանի օրենսդրության մեջ է: 2010-ին, երբ ԵԿԴԱ-ի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, մենք նամակ ուղղեցինք Ռուսաստանի կարգավորողին, որպեսզի օրենսդրական խոչընդոտն այնտեղ վերացվի եւ գոնե ԵԿԴԱ անդամ դեպոզիտարիաներին թույլ տրվի Ռուսաստանում առանց արգելքի բացել օտարերկրյա անվանատիրոջ հաշիվներ:

Սառույցը, կարելի է ասել, տեղից շարժվել է. օրենքի համապատասխան նախագիծն այս օրերին պետք է անցնի երկրորդ ընթերցում եւ, հնարավոր է, մինչեւ տարեվերջ մտնի ուժի մեջ: Արդյունքում ՀԿԴ-ն, որպես ԵԿԴԱ անդամ, իրավունք կունենա հաշիվ բացել ռուսաստանյան կենտրոնական դեպոզիտարիաներից մեկում, որոնցից ԱՀԴ-ն ММВБ եւ РТС բորսաների միավորումից հետո կդառնա խոշորագույնը:

Հայաստանում ռուսաստանյան արժեթղթերում ներդնելու պահանջարկը շատ մեծ է, այսօր այդ ներդրումները կատարվում են, բայց շատ ավելի բարդ սխեմաներով:

- Հայտնի է, որ Հայաստանի բորսան եւ կենտրոնական դեպոզիտարիան այժմ գտնվում են NASDAQ OMX խմբի անդամ այլ շուկաների հետ տեխնիկական ինտեգրման գործընթացում: Չի՞ հակասում դա արդյոք ԱՊՀ կապիտալի շուկաների ինտեգրմանը:


- Ներկայումս մենք NASDAQ OMX խմբի անդամ էստոնական կենտրոնական դեպոզիտարիայի հետ համատեղ աշխատում ենք մեզ մոտ նույն IT-հարթակի ներդրման ուղղությամբ, որը կա էստոնական դեպոզիտարիայում:

Այսօր ԵՄ դեպոզիտարիաներում Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) պահանջով ներդրվում է միասնական հաշվարկային համակարգ, որը նախատեսվում է ավարտին հասցնել 2015թ-ին: Ունենալով IT-հարթակ, որը եվրոպականի նմանակն է, ապագայում մենք շատ ավելի հեշտ կինտեգրվենք եվրոպական ֆոնդային շուկային, իսկ քանզի ԵԿԴԱ անդամ երկրներից շատերը նույնպես ձգտում են դեպի եվրոպական մոդել, մենք դառնում ենք շարժիչ ուժ նրանց ուղղորդելու գործում, ինչը, բնականաբար, պայմանավորված է Հայաստանում NASDAQ OMX-ի ներկայությամբ:

- NASDAQ OMX խումբն ունի ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների ինտեգրման հարուստ փորձ. խոսքը NASDAQ OMX Baltic եւ Nordic շուկաների մասին է: Ըստ այդմ, չի՞ նախատեսվում արդյոք որպես առաջին քայլ ինտեգրել հայաստանյան բորսան եւ դեպոզիտարիան բալթիկ շուկայի հետ թե՛ տեխնիկապես, թե՛ օրենսդրորեն:


- Իհարկե: Նույն IT-հարթակ ունենալուց հետո, որը նախատեսվում է սկսել շահագործել 2012թ. երկրորդ եռամսյակում, մենք տեխնիկապես պատրաստ կլինենք ինտեգրվելու նաեւ իրավական եւ քաղաքական առումներով: Բալթիկ երկրների ֆոնդային շուկաները աշխատում են նույն օրենսդրական պահանջներով եւ դիրեկտիվներով, ունեն միասնական հաշվարկային հարթակ եւ փոխադարձ ցուցակում. այսպիսով, անհրաժեշտ կլինի լուծել նաեւ բալթյան երկրների թղթերը Հայաստանում եւ հայկական թղթերը՝ այնտեղ շրջանառելու իրավական հարցերը: Մեր առաջնահերթ նպատակներից մեկը հենց դա է, եւ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ինտեգրվենք առաջին հերթին բալթյան 3 շուկաներին:

Ինչ վերաբերում է փոխադարձ ցուցակմանը, ապա, եթե ընկերությունը ցուցակվել է բալթյան երեք բորսաներից մեկում, նրա արժեթղթերն ազատ շրջանառվում են նաեւ մնացած երկուսում: Ցուցակման պահանջները համընդհանուր են բոլորի համար, եւ մենք էլ պետք է հասնենք դրան:

- Ի՞նչ ժամանակացույց է նախանշված ինտեգրացիոն գործընթացում շոշափելի արդյունքների հասնելու համար:


- Լավատեսական սցենարով ՀԿԴ-ն տեխնիկապես կինտեգրվի բալթյան դեպոզիտարիաների հետ մինչեւ 2013-ի սկիզբը, իսկ ռուսական դեպոզիտարիայում օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ բացելը մեզ համար, կարծում եմ, հնարավոր կդառնա մինչեւ այս տարեվերջ:

Դիտում՝ 4069
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW