Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է ավելի քան 73,2 հազար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 20%: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկի լրատվական ծառայությունում, քարտերի ընդհանուր քանակում 55,1 հազարը կազմել են Visa միջազգային քարտերը, 18,1 հազարը` ArCa քարտերը: Յունիբանկի ինքնասպասարկման ցանցը հոկտեմբերի 1-ի դրությամբ ներառում է 79 բանկոմատ եւ 546 POS-տերմինալ: Ներկա դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի 90%-ը վարկային են: Բանկի ամենապահանջված վարկային քարտերից է “Constant+”, որը նախատեսված է ԲՈՒՀ-երի դասախոսների, առողջապահության ոլորտի, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կամ 250 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող այլ անձանց համար: “Constant+” արտով հաճախորդը կարող է խանութներում գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց կամ կանխիկ գումար ստանալ: Վարկառուներին տրամադրվում է Visa Electron կամ Visa Classic տեսակի վարկային քարտ` մինչեւ 2 մլն դրամ գումարով եւ 24 ամիս մարման ժամկետով: Քարտի վարկային միջոցների տարեկան տոկոսադրույքը, կախված գումարի արժույթից, կազմում է 18-ից մինչեւ 20%: Ընդ որում, տոկոսադրույքը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ: “Յունիբանկի քարտային բիզնեսի զարգացման ռազմավարության հիմքում դրված է հետեւյալ սկզբունքը` մշակել վարկատեսակներ հաճախորդների լայն շրջանակի համար եւ ապահովել բարձր մակարդակի սպասարկում: Նման մոտեցման շնորհիվ թողարկված քարտերի քանակով մենք արդեն ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում ենք, իսկ մոտ ապագայում էլ ավելի կբարելավենք մեր դիրքերը: Այս տարվա նոյեմբերին Յունիբանկը կսկսի Visa չիպային քարտերի թողարկումը սեփական պրոցեսինգային կենտրոնի միջոցով: Այդպիսով, բանկը լրացուցիչ հնարավորություններ կստանա հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված նոր նախագծերի իրականացման եւ տարին 110 հազար քարտ ցուցանիշով ավարտելու համար”, - ասել է Յունիբանկի քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը: Tweet Դիտում՝ 4710