Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ-ում 2008 թվականից իրականացվող հիփոթեքային վարկավորման ծրագրի օգնությամբ մինչեւ ընթացիկ տարվա սկիզբը 4846 հոգի (939 ընտանիք) արդեն վարկ է ստացել:Գործընթացն իրականացվում է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով: Հայտատուները կարող են բնակարան ձեռք բերել իրենց բնակության եւ հաշվառման բնակավայրում, եթե ամուսիններից առնվազն մեկը հաշվառված եւ բնակվում է ԼՂՀ տարածքում, առաջին գոտում` 10 տարուց, 2-րդ գոտում` 5 տարուց ավելի: Բնակության եւ գրանցման ժամկետը չի սահմանափակվում, եթե քաղաքացին բնակարան է ձեռք բերում բնակչության անհամեմատ փոքր թվաքանակ ունեցող (սահմանամերձ գյուղերում) բնակավայրում, ինչպես նաեւ եթե ունի փախստականի կամ վերաբնակչի կարգավիճակ եւ բնակարան է ձեռք բերում սոցապնախարարության կողմից տրված` սույն ծրագրով սահմանված պետական աջակցություն ստանալու համար նախընտրելի բնակավայրի մասին տեղեկանքում նշված տարածքում:Ըստ Հիմնադրամի, վարկի տրամադրման որոշիչ պայմանն ամսական կայուն եկամուտի առկայությունն է: Հայցատուները առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու ցանկության դեպքում մինչեւ 33 մլն դրամ վարկ կարող են ստանալ, երկրորդային շուկայում տրամադրվում է ոչ ավել, քան 23 մլն դրամ, եթե բնակարանը գտնվում է, այսպես կոչված , 1-ին գոտում:Բնակելի տան կառուցման դեպքում, անկախ նրանից, թե տարածքն որ գոտում է գտնվում, տրամադրվում է մինչեւ 25 մլն դրամ: Եվ գնման, եւ կառուցման դեպքում վարկը տրամադրվում է տարեկան 12% տոկոսադրույքով, որի 6%-ը 5 տարի ժամկետով սուբսիդավորում է Արցախի ներդրումային հիմնադրամը: Վարկի առավելագույն ժամկետն առաջնային շուկայում կազմում է 20 տարի, երկրորդայինում` 15:Արցախի ներդրումային հիմնադրամի հիփոթեքային ծրագրով առաջարկվում են վարկեր նաեւ շինությունների վերանորոգման համար, բնակարանների` մինչեւ 5 մլն դրամ, առանձնատների` մինչեւ 7 մլն դրամ: Այս դեպքում տարեկան տոկոսադրույքը կազմում է 15%, որից 9-ը բանկին վճարում է հայտատուն, իսկ մյուս մասը կրկին սուբսիդավորում է միջնորդ կազմակերպությունը: Արցախի ներդրումային հիմնադրամը հիփոթեքի պայմանագրեր ունի Արցախբանկի, Հայբիզնեսբանկի եւ Ամերիաբանկի, ինչպես նաեւ Ֆիդես հիփոթեքային ունիվերսալ վարկային կազմակերպության հետ: Հիմնադրամ դիմած հայտատուները իրենք են որոշում, թե որ բանկի հետ կապեն իրենց գործարքները:Ժամկետանց վարկերի վերաբերյալ մեր հարցին Հիմնադրամում պատասխանեցին, որ նման դեպքեր դեռ չեն արձանագրվել այն պարզ պատճառով, որ ծրագիրը ընդամենը 3 տարի է, ինչ գործում է, մինչդեռ վարկերի մարման նվազագույն ժամկետը 5 տարի է: 2008-2010թ. մայրաքաղաք Ստեփանակերտում երաշխավորված վարկերի ընդհանուր թիվը կազմել է 762, որից ամենապահանջվածը վերանորոգման համար վարկերն էին (468), 205 վարկ տրամադրվել է բնակարանի գնման, 89-ը` կառուցման համար:ԼՂՀ կառավարությունը շահագրգռված է նաեւ շրջանների` մայրաքաղաքին համաչափ զարգացմամբ, այդ պատճառով հիփոթեքային ծրագիրն այնտեղ գործում է առավել արտոնյալ պայմաններով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առեւտրային բանկերը գյուղական բնակավայրի անշարժ գույքն որպես գրավի առարկա չեն ընդունում, հիմնադրամը մշակել է ծրագիրն այնտեղ հասանելի դարձնելու այլ մեթոդներ: Այսպիսով, Ասկերանի շրջանում ընդհանուր առմամբ տրամադրվել է 36 վարկ, Հադրութի շրջանում` 26, Մարտակերտի շրջանում` 25, Մարտունու շրջանում` 38, Շուշիի շրջանում՝ 51 վարկ: Բնակարանի վերանորոգման դիմումով հիմնադրամ է դիմել Քաշաթաղի ընդամենը 1 բնակիչ եւ ստացել 2 մլն դրամ: Ընդհանուր առմամբ տրամադրվել է ավելի քան 6 մլրդ 26 մլն դրամի 939 վարկ:Ընթացիկ տարում բնակարանների կառուցման համար վարկ ստանալու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամ դիմում է ներկայացրել 59, գնման նպատակով` 129 եւ վերանորոգման համար՝ 273 անձ: Հիմնադրամում հավաստիացնում են, որ անում են ամեն հնարավորը` հիփոթեքային վարկավորումը ավելի մեծ թվով անձանց հասանելի դարձնելու համար: Այնուամենայնիվ, արցախցիների մեծ մասին հիփոթեքն առայժմ հասանելի չէ, ինչը պայմանավորված է սոցիալական խնդիրներով, ինչպես նաեւ վարկի ընթացիկ սպասարկման եւ 20-30% կանխավճարի անհրաժեշտությամբ:Սրբուհի Վանյան` Ստեփանակերտից հատուկ Մեդիամաքս-ի համար Tweet Դիտում՝ 2757