Ճգնաժամի երկրորդ ալիքը կարող է նվազեցնել Հայաստանի այս տարվա տնտեսական աճը մինչեւ 2,6%

18.10.2011 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ հիմնական գործընկեր երկրներում՝ Ռուսաստանում եւ ԵՄ-ում տնտեսության վերականգնումը կանխատեսվածից դանդաղ է ընթանում, ինչը հնարավոր է բացասական ազդեցություններ ունենա ՀՀ տնտեսության վրա արդեն երկրորդ կիսամյակի ընթացքում, ասվում է ՀՀ ԿԲ-ի կողմից այսօր հրապարակված կիսամյակային «Ֆինանսական կայունության հաշվետվություն»-ում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ըստ հաշվետվության, միջազգային կառույցների գլոբալ տնտեսական աճի նվազման վերաբերյալ կանխատեսումների հնարավոր սցենարի իրականացման պարագայում գլոբալ պահանջարկի աճը կլինի ավելի դանդաղ, քան ակնկալվում էր բազային սցենարով, ինչն էլ իր բացասական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսական աճի վրա: Հայաստանի տնտեսությանաճի 2011-ին ծրագրված 4,6%-ից 2 տոկոսային կետով նվազման դեպքում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կվատթարանա, սակայն չի գերազանցի սահմանային 50%-ը:

Պետական պարտքի կայունության հաջորդ սթրես-սցենարի համաձայն, համաշխարհային տնտեսությունում հնարավոր բացասական զարգացումների պարագայում կարող են կրճատվել ՀՀ տնտեսություն ներհոսող արժութային միջոցները եւ ստեղծել ազգային արժույթի արժեզրկման ճնշումներ: 2012-2014թթ. Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում կանխատեսված ՀՀ դրամի փոխարժեքի նկատմամբ 10% արժեզրկման ենթադրության ներքո $1 կարող է արժենալ 420 դրամ: Այս սցենարի դեպքում ՀՀ պարտքի կայունության ցուցանիշները էապես վատթարանում են, եւ, չնայած պարտք/ՀՆԱ ցուցանիշը չի հատում 50% սահամանը, սակայն Հայաստանը տեղափոխվում է միջին պարտքի բեռ ունեցող երկրների շարքը:

Ֆինանսական համակարգի կայունության ռիսկերի աճ ԿԲ-ի կողմից առայժմ չի նկատվում: «Բանկային համակարգը եւ վարկային կազմակերպությունները շարունակել են վարկավորման պայմանների դյուրինացումը եւ տնտեսության վարկավորման աճը պահպանվել է՝ կազմելով առաջին կիսամյակում 18%»,- ասվում է հաշվետվությունում:

Դիտում՝ 5013
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW