Երեւանում ՄՖՀՍ կիրառման հեռանկարներին նվիրված կլոր սեղան կանցկացվի

14.10.2011 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 18-ին Երեւանում Միջազգային ֆինանսական հաշվետվողական ստանդարտների (ՄՖՀՍ) ներդրման հեռանկարներին նվիրված կլոր սեղան կանցկացվի:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են հայ-բրիտանական IAB Centre ուսումնական կենտրոնում, կլոր սեղանը տեղի կունենա «ՄՖՀՍ-ն Հայաստանում. նորաձեւ գլոբալ միտո՞ւմ, թե՞ գիտակցված անհրաժեշտություն» խորագրի ներքո:

Կլոր սեղանի ընթացքում կդիտարկվեն Հայաստանում ՄՖՀՍ ներդրման խնդիրները, դրանց կիրառմանն ուղղված Կենտրոնական բանկի եւ պետական մարմինների գործողությունները, հնարավոր լուծումները, հետագա քայլերի ծրագիրը, ինչպես նաեւ մասնագետների ուսուցման, որակավորման եւ հավաստագրման հարցերը: Նախատեսվում է նաեւ քննարկել Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների անկախ պալատի ստեղծման հեռանկարները:

ԿԲ մասնագետների, դոնոր կազմակերպությունների, առեւտրական բանկերի, հաշվապահական եւ աուդիտորական ընկերությունների, ինչպես նաեւ բուհերի մասնակցությամբ կլոր սեղանը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում:  

Կլոր սեղանի կազմակերպիչն է`\"Երեւան Պրոդաքշնս\" ընկերությունը IAB Centre ուսումնական կենտրոնի  հետ համատեղ: Կլոր սեղանը կվարի ACCA (Association of Chartered Certified Accountants) դեսպան եւ IAB Centre ուսումնական կենտրոնի ղեկավար Արաքսյա Մելքոնյանը: 

Դիտում՝ 7410

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW