Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ քննարկել է հարկային բազայի ընդլայնման խնդիրները:Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունն Ազգային Ժողովին է ներկայացնելու հարկային մեծ փաթեթ, որի նպատակն է ընդլայնել հարկային բազան, ինչն էլ կնպաստի 2012 թվականին ընթացիկ տարվա համեմատ հավաքագրել 101 միլիարդ դրամ ավելի հարկ: «Այս խնդիրը լուծելու համար թիրախավորել ենք այն ոլորտները, որոնցում պետք է բացահայտենք առկա եկամուտները: Դրանց մի մասը պետք է մուտքագրվի պետական բյուջե՝ մեր առջեւ դրված խնդիրն իրականացնելու համար: Այսինքն, մի կողմից պետք է նվազեցնենք բյուջեի դեֆիցիտը, իսկ մյուս կողմից՝ չնվազեցնենք ծախսերը: Դրա միակ ճանապարհն ավելի շատ հարկեր հավաքելն է, ինչի համար էլ փորձելու ենք հայթայթել լրացուցիչ եկամուտներ, որոնք բիզնեսին լուրջ հարված չեն հասցնի, սակայն միեւնույն ժամանակ թույլ կտան լուծել այս կարեւոր տնտեսական խնդիրը», - ասել է կառավարության ղեկավարը: Մեդիամաքս-ը նշում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասել էր, որ միության անդամները պատրաստ են ավելի շատ հարկ վճարել մի շարք պայմանների դեպքում` ստվերային տնտեսության կտրուկ կրճատում, տնտեսական սուբյեկտների միջեւ արդար մրցակցության ապահովում, ինչպես նաեւ առանձին գործարարների համար արտոնությունների բացառում: Tweet Դիտում՝ 4356