Նախատեսվում է մինչեւ 2020թ. կրկնապատկել արտահանման կշիռը ՀՆԱ-ում

10.10.2011 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի նախագիծն այսօր Երեւանում ներկայացվել է  գործարար հանրության քննարկմանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախագիծը պատրաստվել է էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ` ՀԲ ֆինանսավորմամբ եւ «Տնտեսություն եւ արժեքներ» տնտեսական հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ:

Ինչպես նշել է Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը, նախագծի հեղինակները խորը վերլուծության են ենթարկել Հայաստանի տնտեսական կառուցվածքը եւ առանձնացրել են այն ճյուղերը, որոնց զարգացման շուրջ պետության եւ մասնավոր հատվածի համակարգված քաղաքականության արդյունքում մոտակա 10 տարիների ընթացքում կարելի է էապես դիվերսիֆիկացնել արտահանումը եւ զգալիորեն մեծացնել նրա կշիռը ՀՆԱ-ում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին խորհրդական Իգոր Զաքարյանի խոսքերով, նախագիծը խիստ կարեւոր է պետության համար, քանի որ այն կօգնի լուծել Հայաստանից աշխատուժի եւ ուղեղների արտահոսքի խնդիրը:

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, ներկայացնելով նախագիծը, տեղեկացրեց, որ արտահանման զարգացման քաղաքականությունը պետք է կառուցվի երեք ոլորտներին՝ կոնյակագործությանը, դեղագործությանը, բիոտեխնոլոգիաներին եւ ճշգրիտ ճարտարագիտությանը առաջնահերթություն տալով, «քանի որ այս երեք ոլորտներն ունեն ամենամեծ ներուժը»:

Նախագծի համաձայն, հայեցակարգի իրագործման արդյունքում արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը մինչեւ 2020թ. ներկայիս 11%-ից կաճի մինչեւ 19%, իսկ արտահանման ծավալները կեռապատկվեն եւ կգերազանցեն $3 մլրդ-ը:

Նախագծում միջնաժամկետ եւ երկարաժամկետ քայլերից բացի ներկայացված են նաեւ օպերատիվ լուծում պահանջող միջոցառումներ, որոնց թվում է, մասնավորապես, մինչեւ այս տարվա տարեվերջ կապիտալ ներդրումների նպատակով ներմուծվող սարքավորումների ցանկացած ծավալի եւ գնի դիմաց սահմանին ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գանձման բացառումը (նման պրակտիկա այժմ կիրառվում է միայն 300 մլն դրամը գերազանցող մեքենաների եւ սարքավորումների ներկրման ժամանակ):

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանը, պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, տեղեկացրել է, որ այս նախաձեռնությունը այժմ քննարկվում է նախարարությունում եւ հնարավոր է՝ այս տարի իրականություն դառնա:


Դիտում՝ 5033
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW