ՀՀ վարչապետը կոչ է արել «համարձակորեն» ձեռք բերել Արցախ ՀԷԿ-ի բաժնետոմսեր

05.10.2011 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ բաժնետոմսերի երրորդ թողարկման ձեռքբերման ազատ բաժանորդագրությունը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 24-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում կայացած ընկերության բաժնետոմսերի 3-րդ թողարկմանը նվիրված միջոցառմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ ընկերությունը 2010-ից սկսել է շահագործել իր երկրորդ հիդրոէլեկտրակայանը, իսկ եւս 4-ը գտնվում են շինարարության փուլում եւ շահագործման կհանձնվեն մինչեւ 2013թ., ինչի շնորհիվ ընկերության դրվածքային հզորությունը կհամալրվի 18 ՄՎտ-ով, ինչը թույլ կտա ոչ միայն ապահովել Արցախի ներքին պահանջարկը, այլ նաեւ սկսել էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստան:

ԼՂՀ վարչապետը տեղեկացրել է, որ 2010-ին Արցախ ՀԷԿ-ն արձանագրել է էլեկտրաէներգիայի արտադրանքի աննախադեպ 50%-անոց աճ եւ ծավալ (178 մլն ԿՎտ/ժ)՝ բավարարելով Արցախի պահանջարկի 76%-ը:

Արա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ընկերության բաժնետերերին, որոնց ընդհանուր թիվը ներկայումս գերազանցում է 1200-ը, նշելով հատկապես երեք խոշոր ներդրողներին`Բարսեղ Բեգլարյանին, Վարդան Սիրմաքեսին եւ Ջոզեֆ Ուղուրլյանին (Joseph Oughourlian):
 
Միջոցառմանը ներկա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ընկերության հանրային դառնալու համարձակ քայլը, որին շատերը թերահավատորեն էին վերաբերվում, լիովին արդարացրել է իրեն: «Ես ինքս, որպես Արցախ ՀԷԿ-ի բաժնետեր, ամեն ամիս ստանում են Արմսվիսբանկ-ից [Արցախ ՀԷԿ-ի թողարկումը կազմակերպող եւ շուկա ստեղծող – խմբ.] հաշվետվություններ, թե ինչպես է բանկը կառավարում բաժնետոմսերը, եւ համոզվում եմ, որ ողջ ծրագիրը գտնվում է հուսալի կառավարման ներքո: Կոչ եմ անում բոլորին համարձակորեն ներդնել այս բաժնետոմսերում» - ասել է ՀՀ վարչապետը:

Երրորդ թողարկման արդյունքում ընկերությունը նախատեսում է տեղաբաշխել 3 մլն 673 հազ. 926 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 1,110 դրամ տեղաբաշխման գնով (տեղաբաշխման ընդհանուր ծավալը՝ 4,078 մլրդ դրամ):

2010թ-ը Արցախ ՀԷԿ-ն ամփոփել է շուրջ 1,16 մլրդ դրամ ($3 մլն) զուտ շահույթով՝ ապահովելով 12% շահութաբերություն նախորդ տարվա 9,5%-ի դիմաց: 2 տարի շարունակ ընկերությունն իրականացնում է շահաբաժինների վճարում՝ ապահովելով 10% շահութաբաժնային եկամտաբերություն:

Բաժնետոմսերի  ազդագիրը  կարելի է ձեռքբերել Արցախ ՀԷԿ-ի կամ Արմսվիսբանկի գրասենյակներից` թղթային կրիչով, ինչպես նաեւ վերջիններիս էլեկտրոնային կայքերից (www.artsakhhpp.com եւ www.armswissbank.am):

Ընկերության բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի B հարթակում ս.թ. մայիսին (ծավալը՝ 1,4 մլրդ դրամ; թողարկումը տեղաբաշխվել էր ամբողջությամբ), իսկ առաջինը՝ 2010-ին, երբ թողարկման ընդհանուր 3,45 մլրդ դրամ ծավալից տեղաբաշխվել էր 905,14 մլն-ը:

Դիտում՝ 6084
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW