Երեւան/Մեդիամաքս/. Հարավային Կալիֆոռնիայի Յունիվերսալ Սիթի քաղաքում սեպտեմբերի 25-ին կայացավ Հայաստանի տնտեսական առաջին համաժողովը, որի նպատակն էր ամերիկացիներին եւ սփյուռքահայերին ներկայացնել Հայաստանի տնտեսության ներկա վիճակը եւ ակտիվացնել գործարար կապերն ամերիկահայ համայնքի հետ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. “Անցած 20 տարիների ընթացքում մենք ունեցել ենք նվաճումներ, սակայն եղել են նաեւ բացթողումներ, եւ չխոսել դրանց մասին կնշանակի` ողջ պատասխանատվությունը գցել մեր ուսերից: Այդուհանդերձ, ցանկանում եմ նշել, որ այսօրվա Հայաստանը տարբերվում է 90-ականների Հայաստանից, այսօր մեր երկիրն առավել անվտանգ է, եւ քաղաքացիներն ավելի ազատ են Հայաստանում”: Այնուհետեւ ՀՀ նախագահը նշել է, որ “բացթողումների մի մասն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ չենք կարողացել ամբողջովին օգտագործել համայն հայության ներուժը”: “Այդ պատճառով մենք պարբերաբար այցելում ենք ձեզ` հայտնելու, որ չափազանց կարեւորում ենք ձեր ուժը եւ ցանկանում ենք առավել ակտիվ տեսնել ձեզ Հայաստանի զարգացման ճանապարհին: Մենք ձեր կարիքն ունենք եւ մշտապես ուրախ կլինենք, եթե ձեր ազդեցությունն ավելի մեծ լինի Հայաստանի տնտեսական եւ զարգացման գործում”,- նշել է նախագահ Սարգսյանը: “Այսօր պատմական օր է մեզ համար, քանզի առաջին անգամ Կալիֆոռնիայում ներկայացնում ենք Հայաստանի բանկային համակարգը, որ մեր երկրի անկախության քսան տարիների ընթացքում բացառիկ զարգացում է արձանագրել, ենթարկվել կառուցվածքային բարեփոխումների` խորհրդային ժամանակների բանկային համակարգից դառնալով միջազգային չափանիշներին համապատասխան կառույց”,- հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:Նա հավաստիացրել է համաժողովի մասնակիցներին, որ Հայաստանի բանկային համակարգը ոչ միայն բավարարում է ազգային տնտեսական կարիքները, այլեւ հանդես է գալիս որպես հավասարազոր գործընկեր միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ ընդգծել է Սփյուռքի անգնահատելի դերը Հայաստանի տարբեր, այդ թվում` ֆինանսական ոլորտի զարգացման գործում: Նրա խոսքով, վերջին տարիներին այս համակարգում կատարված բարեփոխումները ստեղծել են բարենպաստ ներդրումային եւ գործարար միջավայր, որը սփյուռքահայ ներդրողներին շահավետ հնարավորություններ կարող է ընձեռել: “Համահայկական ֆինանսական եւ տնտեսական կյանքում Հայաստանի տնտեսական համաժողովը խոշոր իրադարձություն է, քանզի հնարավորություն է տալիս նաեւ կողմերին առավել տեղեկատվություն ստանալ ոլորտի առաջնային մասնագետներից ու ճիշտ որոշումներ ընդունել: Մենք շատ ենք կարեւորում սփյուռքի մեր գործընկերների մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ առաջին հերթին հորդորում ենք կիսվել իրենց գիտելիքներով ու ոլորտի նորամուծությունների մասին տեղեկություններով”,- նշել է Ջավադյանը` վստահեցնելով, որ Հայաստանի ֆինանսական համակարգը միջազգայնորեն ճանաչված, բարձր չափանիշներին համապատասխանող համակարգ է: “Բնույթով աննախադեպ այս համաժողովը նպատակ ունի ներկայացնելու մեր տնտեսության երիտասարդ, սակայն արդեն լավագույնս ձեւավորված տնտեսության ճյուղերից մեկը` ֆինանսական եւ բանկային համակարգը: Այն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների չափազանց կարեւոր բաղկացուցիչներից է, որը խթանում է երկկողմ տնտեսական կապերը, այդ թվում` դեպի Հայաստան ֆինանսական փոխադրումները, հայրենիքից էլ` ներդրումներից ստացվող եկամուտները: Մենք կարծում ենք, որ Հարավային Կալիֆոռնիան ամենահարմար վայրն էր` հիմնելու երկխոսությունը հայաստանյան բանկերի եւ սփյուռքահայ հաճախորդների միջեւ”,- իր ուղերձում նշել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը: Այնուհետեւ համաժողովի մասնակից սփյուռքահայ գործարարները եւ բանկային ոլորտի ներկայացուցիչներն իրենց հարցերն են ուղղել հայաստանյան ֆինանսական միջավայրը ներկայացնող պատվիրակության անդամներին: Համաժողովից հետո նախագահ Սերժ Սարգսյանը կատարել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանի նոր շենքի բացումը, որը տեղակայված է Գլենդելի կենտրոնում: Երեկոյան նախագահն ու պաշտոնական պատվիրակության անդամները “Բեվերլի Հիլզ” հյուրանոցում, Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ընթրիքի շրջանակներում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչներին:Նանե Ավագյան, Լոս Անջելեսում Մեդիամաքսի սեփական թղթակից Tweet Դիտում՝ 6401