Հայաստանը բարելավել է իր դիրքը մրցունակության համաշխարհային զեկույցում

07.09.2011 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից հրապարակվող 2011-12 թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 6 տեղով բարելավել է դիրքը եւ 142 երկրների շարքում զբաղեցրել է 92-րդ տեղը:

Երկրների մրցունակության ցուցանիշը հաշվարկվում է 12 հենասյուների հիման վրա (ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, մակրոտնտեսական միջավայր, առողջապահություն եւ տարրական կրթություն, բարձրագույն կրթություն եւ վերապատրաստում, ապրանքային շուկայի արդյունավետություն, աշխատուժի շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի արդյունավետություն, տեխնոլոգիական պատրաստվածություն, շուկայի չափ, գործարարության կատարելագործվածություն, նորարարություն), որոնք կազմվում են վիճակագրական տվյալների հավաքագրման եւ ընկերությունների ղեկավարների հարցումների արդյունքում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՏՖ հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն այսօր տեղեկացրել է, որ Հայաստանի մրցունակության ցուցանիշի աճը պայմանավորված է վերոհիշյալ հենասյուների մեծ մասի բարելավումներով:

Մասնավորապես, Հայաստանը զեկույցում 14 տեղով (97-ից 83) առաջընթաց է գրանցել պետական ինստիտուտների արդյունավետության ցուցանիշով, ինչն ըստ Մանուկ Հերգնյանի մի կողմից բացատրվում է ՀՀ պետական կառավարման համակարգում թափանցիկության բարձրացմամբ եւ որոշակի գործընթացների պարզեցմամբ, իսկ մյուս կողմից՝ այլ պետություններում ճգնաժամի հետեւանքով պետական վերահսկողության խստացմամբ:

Ըստ զեկույցի Հայաստանը էական առաջընթաց է արձանագրել նաեւ ենթակառուցվածքների, բարձրագույն կրթության եւ վերապատրաստման, աշխատուժի եւ ֆինանսական շուկայի, ինչպես նաեւ տեխնոլոգիական պատրաստվածության ոլորտներում:

Փոխարենը, Հայաստանի դիրքերը զգալիորեն վատթարացել են մակրոտնտեսական միջավայրի եւ կայունության առումով (114-րդ տեղ, հետընթաց 15 կետով), ինչը, Մանուկ Հերգնյանի խոսքերով, բացատրվում է հիմնականում բարձր գնաճային միջավայրով:

Զեկույցում Հայաստանի ուշագրավ մրցակցային առավելություններն են, մասնավորապես, աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից ազատելու գործելակերպը (18-րդ տեղ 142 երկրների շարքում), բիզնես սկսելու գործընթացների պարզությունը (34-րդ տեղ), հանցագործությունների ցածր մակարդակը եւ դրանց հետեւանքով գործարարության ծախսերը (17-րդ տեղ), մաքսադրույքերի չափը (34-րդ տեղ), ինչպես նաեւ բջջային հեռախոսակապի բաժանորդագրության մակարդակը (33-րդ տեղ):

Մրցունակության առումով Հայաստանի ամենաէական թերություններից են տեղական մրցակցության ուժգնությունը (139-րդ տեղը 142 երկրների շարքում), հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը (138-րդ տեղ), շուկայում գերիշխող խմբերի առկայությունը (133-րդ տեղ), մաքսային գործընթացների դժվարությունը (132-րդ տեղ), տեխնոլոգիական ապրանքների պետական գնումների մակարդակը (124-րդ տեղ)  եւ փոքրամասնական բաժնետերերի շահերի պաշտպանությունը (120-րդ տեղ):
Դիտում՝ 4659
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW