Երեւան: Մեդիամաքս:Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը Երեւանում անց էր կացվել «Կոնսոլիդացված վերահսկողություն եւ ռիսկերի ինտեգրում թեմայով» դասընթաց, որի ընթացքում ԱՄՆ Դաշնային պահուստի մասնագետները ներկայացրել էին ֆինանսական վերահսկողության եւ ռիսկերի կառավարման նորագույն սկզբունքները:Դասընթացին, որը նախաձենռվել էր ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ, մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Լիտվայի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Չեխիայի եւ Լիբանանի ֆինանսական համակարգի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ:Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեց ԱՄՆ Դաշնային պահուստի՝ բանկային վերահսկողության գծով ավագ վերլուծաբան Ռոբերտ Ուոքերը (Robert Walker), կոնսոլիդացված վերահսկողությունը եւ ռիսկերի ինտեգրումը ենթադրում է ռիսկերի մանրակրկիտ գնահատում ոչ միայն վերահսկողության առարկա հանդիսացող կառույցում, այլ նաեւ իր հետ փոխկապակցված կազմակերպություններում: «Նման վերահսկողության շնորհիվ հայտնաբերվում են այսպես կոչված «վարակիչ ռիսկերը», երբ մի կազմակերպության անհաջողությունը տարածվում է մյուսների վրա», - պարզաբանել է Ռոբերտ Ուոքերը, հավելելով, որ փոխկապակցված իրավաբանական անձանց վրա վերահսկողության սպեկտրի ընդլայնումը պայմանավորված է նաեւ նրանով, որ վերահսկողության առարկա հանդիսացող բանկը սահմանափակված է իր գործողություններում կարգավորիչի կողմից եւ կարող է իրականացնել «արգելված» գործառույթները փոխկապակցված կառույցների միջոցով:Ռիչմոնդում մանրածախ վարկային գործառույթների վերահսկողության եւ կարգավորման գծով Դաշնային պահուստի մասնագետ Սթիվ Սանդերֆորդը (Steve Sanderford), որը նաեւ հանդիսացել է 2007-2008թթ. ֆինանսական ճգնաժամի պատճառների բացահայտման հանձնաժողովի անդամ, Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ճգնաժամի գլխավոր դասերից մեկը հենց վերահսկողության եւ կարգավորման սպեկտրի ընդլայնման անհրաժեշտությունն էր, քանի որ ճգնաժամի մեջ մեղքի բաժին ունեցող բազմաթիվ կազմակերպություններ գտնվել են կարգավորիչի վերահսկողության դաշտից դուրս:Ռոբերտ Ուոքերը նշել է, որ ամերիկյան բանկերի սնանկության իրական պատճառը ոչ միայն վարկային ռիսկերի թերագնահատումն էր, այլ նաեւ բազմաթիվ այլ վտանգների անտեսումը: Tweet Դիտում՝ 5635