«Քաղաքական, տնտեսական, բարոյական եւ մշակութային համակարգերը լուրջ վերանայման կարիք ունեն»

31.08.2011 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: «Տրոյկա Դիալոգ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ համաշխարհային տնտեսության մեջ կատարվում է արժեքների համակարգի եւ ակտիվների գնահատման վորաափոխում:

«Պետք է ընդունել, որ զսպումների եւ հակակշիռների ներկայիս ֆորմալ եւ ոչ ֆորմալ համակարգերը կորցրել են հավասարակշռությունը: Այժմ բոլոր համակարգերը` քաղաքական, տնտեսական, բարոյական, մշակութային, լուրջ վերանայում են պահանջում: Արեւմուտքի զարգացած երկրներում իր կամեցողությամբ վարվելու անհատի անձնական իրավունքը գերիշխում է հասարակական նորմերի նկատմամբ:Աշխարհում մնացած միակ մեխանիզմը, որը դեռեւս աշխատում է, այն էլ ոչ միշտ` իրավական կանոններն ու օրենքներն են: Դրանք նույնպես լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն»,- ասել է Ռուբեն Վարդանյանը «Կոմերսանտ» թերթում այսօր հրապարակված հարցազրույցում:

«Երկու սցենար կա: Առաջինը` առկա համակարգերի ճգնաժամի աքսելերացիա: Բոլորը մոտ են այն գաղափարին, որ ճգնաժամերը պահանջում են փոփոխություններ: Դա  որոշումներ կայացնելու ժամանակ է` ցավալի, երբեմն շատ բարդ, ներկայիս վերնախավի համար աղետներով ուղեկցվող: Երկրորդ սցենարը` խուսափելով կարծր որոշումներից` կանխել հիվանդությունը: Այդպես եղավ Ճապոնիայում վերջին 20 տարիների ընթացքում: Այնտեղ խնդիրը այնքան տնտեսության մեջ չէ, որքան հասարակության. ճապոնացիները հակասություն են զգում երկրի ներքին իրականության եւ հազարամյակների ընթացքում ստեղծված արժեքների միջեւ»,- ասել է «Տրոյկա Դիալոգ»-ի ղեկավարը:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ «գլոբալիզացիայի համար արդեն մեծ գին է վճարված»:

«Ընդ որում` ինչ էլ խոսեն, չնայած իրավիճակի արագ փոփոխության, Ամերիկան եւ Արեւմտյան Եվրոպան շարունակում են դոմինանտներ մնալ: Անկասկած, ամեն ինչ կարող է փոխվել եւ առաջացնել նոր ֆինանսական համակարգ: Հավանաբար, մեկ կիլոգրամ աղը նորից փոխենք մեկ կիլոգրամ շաքարի հետ, այնուհետ` ցորենի կամ բետոնի: Նույնիսկ ոսկին կարող է նոր դրամական միավոր դառնալ: Կարեւոր չէ: Մեջտեղ կգա հաշվարկների նոր միջոց, իսկ հին արժույթները շատ արագ կարժեզրկվեն»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:
 
Նա նաեւ ընդգծել է, որ տնտեսության կարգավորման համար կիրառվող գործիքների քանակը սահմանափակ է:

«Նրանք, ովքեր կարող են շատ դրամ տպել, տպում են այնքան, որքան կարող են: Նրանք, ովքեր ի վիճակի են ավելացնելու ապագա սերունդների պարտքերը, հենց դրանով են զբաղված: Նրանք, ովքեր ի վիճակի չեն ոչինչ անել, փորձում են պարտք վերցնել ուրիշներից: Առաջին անհրաժեշտության ապրանքները, հումքը, արտադրությունը, ծառայությունները ունեն հստակ գին: Տեղի է ունենում արժեքների համակարգի եւ ակտիվների գնահատման վերափոխում: Ինչու՞ ենք մենք կարծում, որ 20 տարվա ընթացքում տեխնոլոգիաների աշխարհը սկզբունքորեն փոխվել է, իսկ ֆինանսականը չպետք է փոխվի: Ամեն ինչ փոխկապակցված է: Սպասվում է համաշխարհային համակարգի փոփոխություն: Եվ հարցն այն է, թե ինչ դոմինանտներ կընդգրկվեն այնտեղ: Այդ թվում` դրամի քանակը: Երբ ես սկսում էի իմ գործունեությունը, միլիարդատերը հազվագյուտ երեւույթ էր: Իսկ այժմ այդ կարգավիճակը արժեզրկվել է»,- ասել է «Տրոյկա Դիալոգ»-ի ղեկավարը:

Դիտում՝ 5603
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW