Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի վերակառուցման եւ զարգացման բանկը (KfW) €650 հազ. դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին, որի միջոցներով կիրականացվի Վանաձոր քաղաքի եւ հարակից այլ համայնքների կոշտ կենցաղային թափոնների կառավարման փորձագիտական ուսումնասիրություն: Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, համապատասխան համաձայնագիրն այսօր Երեւանում ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը եւ բանկի գործադիր խորհրդի անդամ Նորբերտ Կլոպենբուրգը: Ուսումնասիրության շրջանակներում կկատարվի համայնքներում իրականացվող աղբահանության ծառայության ներկայիս իրավիճակի գնահատում, կներկայացվեն ծառայության բարելավմանն ուղղված միջոցառումների ցանկը եւ վերջինիս իրականացման հետ կապված ֆինանսական գնահատականը: Կհստակեցվեն գործող աղբավայրի փակման եւ ԵՄ նորմերին համապատասխան նոր սանիտարական աղբավայրի տեղանքի ընտրության եւ կառուցման համար անհրաժեշտ միջոցառումները, թափոնների վերամշակման հնարավորությունները եւ դրանց ֆինանսական հաշվարկները:Փորձագիտական ուսումնասիրությունը կտեւի մոտ 10 ամիս: Tweet Դիտում՝ 5114