Ֆիննախը պարզաբանեց պետպարտատոմսերի բարձր տոկոսադրույքների պատճառները

23.05.2011 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն այսօր ասել է, որ Հայաստանի պետպարտքի շուկայում արդյունավետ տոկոսադրույքը գրեթե նույնն է, ինչ Հայաստանից ավելի բարձր վարկանիշ ունեցող երկրների մոտ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, պարզաբանելով հրապարակումերը պետական պարտատոմսերի բարձր եկամտաբերության վերաբերյալ, Արշալույս Մարգարյանն ասաց, որ պետպարտատոմսերի ներկայիս տոկոսադրույքներն արդարացված են՝ հիմնավորելով դա այն հանգամանքով, որ կարճաժամկետ պարտքի շուկայում արդյունավետ տոկոսադրույքը (եկամտաբերության եւ գնաճի տարբերությունը) Հայաստանում գրեթե նույնն է, ինչ Հայաստանից ավելի բարձր վարկանիշ ունեցող երկրների մոտ (Հայաստան՝ 1.22, Հունգարիա՝ 1.1, Սլովակիա՝ 1.34):

Ինչ վերաբերում է միջնաժամկետ եւ երկարաժամկետ պետպարտատոմսերի, ապա, ըստ Արշալույս Մարգարյանի, այդ շուկաներում ՀՀ պետպարտատոմսերի արդյունավետ եկամտաբերությունը 1.5-2 տոկոսային կետով բարձր է ավելի բարձր վարկանիշ ունեցող երկրներից, ինչը բացատրվում է ներդրողների կողմից ռիսկերի գնահատմամբ եւ հաշվառմամբ, ինչպես նաեւ նրանց մոտ դրսեւորվող սպասումներով:

Ըստ Մարգարյանի, Հայաստանի պետական պարտատոմսերի եկամտաբերության համեմատությունը ԱՄՆ-ի կամ ԵՄ երկրների պետական պարտատոմսերի հետ տեղին չէ, իսկ մեր երկրի տնտեսությանը համադրելի զարգացում ունեցող երկրների հետ համեմատվելիս Հայաստանը շահեկան դիրքում է: “Օրինակ Ադրբեջանում ներքին պետական պարտքի շուկան, որպես այդպիսին, գոյություն չունի, իսկ Վրաստանի ներքին պետպարքի շուկան ներկայումս կարող է համեմատվել 90-ականների վերջերի հայաստանյան իրականության հետ, երբ 9 կամ 12 ամսյա պարտատոմսերի փոքրածավալ թողարկումները դիտարկվում էին որպես մեծ հաջողություն”, -  ասաց Արշալույս Մարգարյանը:

Մեկնաբանելով այն մտահոգությունները, որ պետությունը ներքին շուկայից բարձր տոկոսադրույքներով միջոցներ ներգրավելով, խոչընդոտում է տնտեսության վարկավորմանը, Արշալույս Մարգարյանն ասաց, որ այսօրվա դրությամբ պետական պարտատոմսերի մեջ ներդրված են բանկերի շրջանառվող ակտիվների 10-15%-ը եւ «եթե այդ թիվը հասներ շուրջ 50%-ի, այդ ժամանակ մտահոգությունները, թե պետությունը խոչընդոտում է տնտեսության ֆինասնավորմանը, հիմնավորված կլինեին»:

Անդրադառնալով պետպարքի շուկայի մասնակիցների փոքր թվին` Արշալույս Մարգարյանն ասաց, որ 2010թ. վերջի դրությամբ պետպարտատոմսերի սեփականատերերի կազմում ոչ ռեզիդենտ ներդրողների տեսակարար կշիռն ընդամենը 0.3% է: Դա բացատրվում է նրանով, որ եվրոպական եւ ամերիկյան ներդրողներին չեն հետաքրքրում $5 մլրդ-ից փոքր թողարկումները:   

2010.թ վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետպարտատոմսերի 78.3%-ը գտնվում է ՀՀ առեւտրային բանկերի, 12.6%-ը՝ Կենտրոնական բանկի, 8.2%-ը՝ ռեզիդենտ այլ ներդրողների, իսկ 0.6%-ը՝ ոչ բանկ գործակալների եւ դիլերների պորտֆելում:

Խոսելով ներդրողների թվի ավելացմանն ուղղված քայլերի մասին, Արշալույս Մարգարյանն ասաց, որ 2010թ. վերջին նախարարությունը հրապարակեց պետպարտատոմսերի թողարկումների կանոնները եւ 2011թ. թողարկումների օրացույցը՝ պարտատոմսերի շուկայի մասնակիցների համար ամբողջ տարվա կտրվածքով հստակեցնելով պարտատոմսերի տեղաբաշխման օրերը՝ ըստ ժամկետայնության: «Դա շատ լավ է ներդրողի համար, որն այսպիսով կարողանում է ավելի արդյունավետ կառավարել իր ֆինանսական հոսքերը, սակայն միաժամանակ նվազում է թողարկողի ճկունությունը՝ պարտատոմսերի շուկայում նպաստավոր պայմանների ժամանակ լրացուցիչ տեղաբաշխումների իրականացման առումով», - ասաց Արշալույս Մարգարյանն:         

Անցյալ տարվա վերջի դրությամբ պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 11.6662%, նախորդ տարեվերջի հետ համեմատ աճելով 1,2737 տոկոսային կետով: Ընդ որում, կարճաժամկետ պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը 2010թ. վերջի դրությամբ կազմել է 10.0179%, միջնաժամկետներինը՝ 12.3950%,  երկարաժամկետներինը՝ 12.2855%: Ներքին պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 2010թ. վերջին կազմել է 5.15%, նախորդ տարեվերջի հետ համեմատ ավելանալով 0.39 տոկոսային կետով:  


Դիտում՝ 3359
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW