Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տնտեսության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մի շարք գործարարներ այսօր պարգեւատրվել են վարչապետի հուշամեդալով: Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, վարչապետի հուշամեդալներին արժանացել են «Աստրա», «Սարանիստ», «Լիկվոր», «Արմենմոթոր», «Արփիմեդ», «Արարատ» սննդի կոմբինատ» եւ «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունների տնօրենները: «Ընկերությունների ղեկավարները, որոնք այսօր ստանալու են այս բարձր պարգևները, աչքի են ընկել նրանով, որ վերջին 3 տարիների ընթացքում կարողացել են արդյունավետ ձևով կազմակերպել իրենց ընկերությունների աշխատանքը, դիմագրավել փորձություններին, նորարարական ծրագրեր իրականացնել և համագործակցել են կառավարության հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Իր հերթին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ նշված ընկերությունները նոր խոստումնալից, հատկապես արտահանմանն ուղղված ծրագրեր են նախաձեռնել: Անդրադառնալով ձեռնարկությունների ընտրության հարցին` կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մենք վերլուծել ենք բոլոր ընկերություններում ստեղծված իրավիճակը, ցուցանիշները, վերջին 3 տարվա ընթացքում կատարված ներդրումները, և կարող ենք ասել, որ դրանք բավական հուսադրող ցուցանիշներ են, և միջոցառումները, որոնք իրականացվել են այս ընկերություններում, մեզ հույս են ներշնչում, որ մոտակա տարիներին տեսնելու ենք տնտեսական ցուցանիշների բարելավում: Ընդ որում` ընտրված ընկերություններում, իսկապես, արտահանման ծավալները բավական մեծ թափով աճում են»: Tweet Դիտում՝ 6550