Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի տնտեսակամ մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր մեկնաբանել է տնտեսվարողների կողմից հանձնաժողովի գրեթե բոլոր որոշումների դատական բողոքարկման մասին շրջանառվող լուրերը: Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում, 2010-ից մինչ այսօր դատարաններում քննարկվել են Հանձնաժողովի 38 որոշումների իրավաչափության հարցը, եւ նշված դեպքերից և ոչ մեկի մասով հանձնաժողովը որևէ դատական գործ չի պարտվել. թվով 14 գործի մասով կայացվել է վճիռ՝ հօգուտ հանձնաժողովի, մնացած 24 դեպքերում դատական գործընթացները շարունակվում են: Անդրադառնալով ս.թ. մարտին «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի» օգտին կայացված դատավճռին (հանձնաժողովը որոշել էր տուգանել ընկերությանը վաճառքում թռչնաֆաբրիկայի չմակնշված հավկիթների առկայության պատճառով, իսկ ընկերությունը վիճարկել էր այդ որոշումը` մեղադրելով հանձնաժողովին տեղեկատվության հավաքագրման եւ որոշումների կայացման հակասահմանադրական մեթոդների կիրառման մեջ), ՏՄՊՊՀ-ում նշեցին, որ “այդ գործով դատարանը քննարկման առարկա է դարձրել տեխնիկական և ընթացակարգային բնույթի հարցեր, որոնցով ոչ մի կերպ չի հերքվում տնտեսվարող սուբյեկտի կողմից օրենսդրության խախտումների փաստը”: “Հանձնաժողովը սահմանված կարգով բողոքարկել է դատարանի վճիռը, ուստի դատական գործընթացը դեռևս շարունակվում է”, - նշեցին ՏՄՊՊՀ-ում: Tweet Դիտում՝ 3837